ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը

ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի դիմումը՝ Երևանի ավագանու անդամներ Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշինի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դիմել էր ԿԸՀ և պնդում էր, որ «Երկիր ծիրանի» կուսակցության շնորհիվ Երևանի ավագանիում հայտնված տղամարդիկ խոչընդոտում են խմբակցության աշխատանքը:

ԿԸՀ նիստի ընթացքում Զարուհի Փոստանջյանի դիմումի քննարկման ընթացքում «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ այդ երկու մանդատները պատկանում են իրենց խմբակցությանը, և Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշինի փոխարեն դրանք պետք է զբաղեցնեն կուսակցության գաղափարախոսությանը հավատարիմ մարդիկ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Փոստանջյանից հետաքրքրվեց, թե արդյոք կարո՞ղ է վկայակոչել Ընտրական օրենսգրքի կամ որևէ այլ օրենքի մի կետ, ըստ որի հանձնաժողովը ավագանու մանդատ դադարեցնելու լիազորություն ունի։ Փոստանջյանն ընդգծեց, որ ԿԸՀ-ն է մանդատներ շնորհում, հետևաբար դրանց շուրջ առկա վեճերին էլ կարող է լուծումներ տալ:

Տիգրան Մուկուչյանը հակադարձեց, որ ավագանու անդամի մանդատի վաղաժամ դադարեցման հարցը կանոնակարգվում է Երևանի քաղաքի Տեղական ինքնակառավարման մասին օրենքով և այդ սահմանումներից դուրս այլ լուծումներ չեն նախատեսվում։

ՀՀ ԿԸՀ նախագահը ընթերցեց հանձնաժողովի որոշումը, որով մերժեց Զարուհի Փոստանջյանի դիմումը:

Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշինը սեփական դիմումի համաձայն դուրս են եկել Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունից և այս պահին ավագանու անկախ անդամներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում