Հայաստանի և Արցախի վարչապետերը ընդլայնված կազմով քննարկել են համագործակցության որոշ ծրագրեր

Հայաստանի և Արցախի վարչապետերը ընդլայնված կազմով քննարկել են համագործակցության որոշ ծրագրեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել երկու հանրապետությունների կառավարությունների մի շարք անդամների համատեղ խորհրդակցություն: Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ ԱՀ պետական նախարարը կարևորել է երկու կառավարությունների միջև համագործակցության նման ձևաչափի նշանակությունը՝ տարբեր ոլորտներում մոտեցումների համադրման և պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում:

Հարությունյանը հակիրճ ներկայացրել է Արցախի տնտեսության ընթացիկ իրավիճակը, միտումները և հիմնական ոլորտների առանձնահատկությունները: «9 ամսվա տվյալներով՝ մեզ հաջողվել է 2017 թվականին 16.5 տոկոս ՀՆԱ աճ ապահովել: Տարբեր բնագավառներում խոշոր նախագծեր ենք մեկնարկել, որոնք առաջիկա տարիներին պայմանավորելու են մեր տնտեսության կայուն զարգացումը: Մասնավորապես՝ մի քանի ջրամբարներ և ՀԷԿ-եր ենք կառուցում, ընդլայնում ենք ոռոգման ցանցը, բարեփոխումներ ենք կատարում գյուղատնտեսության ոլորտում, խթանում ենք մշակող արդյունաբերությունը, աջակցում ենք հանքարդյունաբերական որոշ ծրագրերի: Արդյունքում, մենք նախորդ տարիներին լուրջ հաջողություններ ենք արձանագրել՝ հիմք ստեղծելով նաև ապագայի կայուն զարգացման համար»,- նշել է Հարությունյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ շեշտադրելով, որ իրենց յուրաքանչյուր այց Արցախ ոգևորիչ է: «Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշները շատ տպավորիչ են: ՀՀ կառավարությունը ծրագրում է գալիք տարիների համար տնտեսական կայուն աճի հիմքեր ստեղծել, ինչն անդրադառնալու է նաև Արցախի տնտեսության վրա: Մենք ունենք բավականին լուրջ աշխատանքային օրակարգ, և համոզվածենք, որ բարձր արդյունքներ ենք ապահովելու միասնական ջանքերի շնորհիվ: Մենք պետք է օգնենք մեր գործընկերներին աշխարհի արդի միտումները տեղայնացնել Արցախի Հանրապետությունում»,- ասել է ՀՀ վարչապետը: Խորհրդակցության ավարտին ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարներ Կարինե Աթայանը և Լևոն Ալթունյանը հուշագիր են ստորագրել երկու գերատեսչությունների համագործակցության խորացման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում