ՀՀ-ում անձը իր ձերբակալման որոշումը 60 ժամվա ընթացքում վիճարկելու հնարավորություն կստանա

ՀՀ-ում անձը իր ձերբակալման որոշումը 60 ժամվա ընթացքում վիճարկելու հնարավորություն կստանա

Ազգային ժողովը քննարկում է Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ 2015թ. փոփոխություններից հետո Սահմանադրությամբ հստակ սահմանվեցին այն հիմքերը, որով անձը կարող է զրկվել ազատությունից՝ միաժամանակ սահմանելով որոշակի երաշխիքներ:

«Սահմանադրությամբ սահմանվել է, որ անձը ազատությունից զրկվելու դեպքում ունի իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվելու իրավունք ազատությունից զրկվելու պատճառների, քրեական մեղադրանք ներկայացնելու դեպքում նաև մեղադրանքի մասին: Նաև յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից զրկելու իրավաչափությունը: Ընդ որում, դատարանը պետք է շատ սեղմ ժամկետներում քննի ազատազրկման իրավաչափությունը և, եթե գտնի, որ դա իրավաչափ չէ, անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկի ազատությունից զրկված անձին ազատ արձակելու համար»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա մանրամասնեց, որ Սահմանադրությամբ ձերբակալման որոշումները վիճարկելու իրավունք է տրվում: «Մենք քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախաձեռնությամբ հստակ սահմանել ենք, թե անձը ինչպես և ինչ ժամկետներում կարող է վիճարկել իր ձերբակալման որոշումը, դատարանը ինչ ժամկետներում է քննարկելու այդ գործը: Մենք նախատեսել ենք, որ ձերբակալված անձը իր ձերբակալման որոշումը կարող է վիճարկել 60 ժամվա ընթացքում, իսկ դատարանը նշված բողոքը պետք է քննարկի 5-օրյա ժամկետում: Եթե անձի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում ձերբակալման վայրում մնալը, ապա դատարանը պետք է բողոքը քննի անհապաղ: Եթե ձերբակալման որոշման բողոքարկմանը զուգահեռ վարույթն ընդունող մարմինը բերում է կալանավորման միջնորդություն, ապա դատարանը այդ հարցերը պետք է միաժամանակ քննարկի և իրավական գնահատական տա»,- ընդգծեց Արթուր Հովհաննիսյանը:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև սահմանել, որ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր ամուսնու կամ մերձավոր հարազատի դեմ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: «Անձը կարող է ցուցմունք չտալ, եթե ողջամտորեն կարող է ենթադրել, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր, իր ամուսնու, մերձավոր հարազատի կամ ընտանիքի դեմ»,- եզրափակեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում