Կոստանյանն անհրաժեշտ է համարում անձին իր ձերբակալման որոշումը վիճարկելու հնարավորություն տվող օրենքի ընդունումը

Կոստանյանն անհրաժեշտ է համարում անձին իր ձերբակալման որոշումը վիճարկելու հնարավորություն տվող օրենքի ընդունումը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը անհրաժեշտություն է համարում անձին իր ձերբակալման որոշումը վիճարկելու հնարավորություն ընձեռող օրենքի ընդունումը: Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ դեռևս 2002թ. վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի 5-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ ֆիքսում է, որ ցանկացած անձ պետք է հնարավորություն ունենա դատական կարգով վիճարկել իր ձերբակալումը: «Մենք մինչև այսօր այդ օրենքը չունեինք, հետևաբար մարդը մինչև այս պահը հնարավորություն չի ունեցել դատական կարգով իր ձերբակալման որոշումը վիճարկել: Այս օրենքի ընդունումից հետո ունենալու է: Սա ոչ միայն սահմանադրական բարեփոխումներից բխող փոփոխություն է, այլ կոնվենցիոն պարտավորություն, որը մենք ստանձնել ենք դեռևս 2016թ.»,- նշեց Կոստանյանը:

Միևնույն ժամանակ, պատգամավորը նկատեց, որ ներկայացված օրենսդրական փաթեթում կան լուրջ խնդիրներ, որոնց առկայությունը կարող է վտանգի տակ դնել կոնվենցիոն պարտավորությունների կատարումը: «Անձը, որը ձերբակալվում է, պետք է հնարավորություն ունենա իր ձերբակալումը վիճարկել այն ժամկետում, որ մինչև իր ձերբակալման ժամկետի լրանալը՝ 72 ժամը, ինքն ազատ արձակվելու հնարավորություն ունենա: Թե դա կլինի 5 ժամում, թե 12 ժամում, հարցի մի կողմն է, որը մենք հետո կքննարկենք: Երկրորդ՝ անձը ձերբակալումը վիճարկելու համար պետք է իր տրամադրության տակ ունենա բոլոր նյութերը, որի հիման վրա ինքը ձերբակալվել է, հակառակ դեպքում ձերբակալման վիճարկումը կլինի ոչ արդյունավետ: Եվ երրորդ, որն ամենակարևորն է՝ ցանկացած անձ, ով ապօրինի ձերբակալվել է, պետք է ունենա փոխհատուցման իրավունք, և պետություն պարտավոր է փոխհատուցել: Այս հարցերն այս նախագծով պետք է կարգավորվեն»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին, թե կա՞ վիճակագրություն, թե մինչ այս պահը Հայաստանում ապօրինի ձերբակալության քանի դեպք է եղել՝ Կոստանյանը նկատեց, որ նման վիճակագրություն չկա, քանի որ մինչ այս պահը անձինք իրենց ձերբակալման որոշումը վիճարկելու հնարավորություն չեն ունեցել, հետևաբար պարզ չէ՝ նրանց ձերբակալումն ապօրինի է եղել, թե օրինաչափ: Պատգամավորը նշեց, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կստեղծեն հիմքեր նաև նման վիճակագրություն ունենալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում