Ադրբեջանցի բանտապահները հերքել են Ալլահից բացի այլ Աստծո գոյությունն ու Աստվածաշունչը նետել աղբամանը. Լապշին

Ադրբեջանցի բանտապահները հերքել են Ալլահից բացի այլ Աստծո գոյությունն ու Աստվածաշունչը նետել աղբամանը. Լապշին

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվից հեռանալուց հետո շարունակում է նոր բացահայտումներ անել Ադրբեջանի և այնտեղ տիրող բարքերի վերաբերյալ: Լապշինն իր բլոգում հայտնել է, որ ադրբեջանական բանտերում արգելված է ցանկացած տեսակի կրոնական գրականություն՝ բացառությամբ մուսուլմանականի:

«Երբ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևի անձնական ինքնաթիռն ինձ Մինսկից տեղափոխեց Բաքու, ինձ մոտ մի քանի գիրք կար, այդ թվում և հրեական Թորան ու ուղղափառ քարոզիչ Հայր Արսենիի՝ կյանքի մասին պատմվածքների ժողովածուն: Բաքվի մեկուսարանում ինձ խուզարկելու ժամանակ այդ գրքերը ցուցադրաբար նետեցին հատակին՝ ասելով. «Չկա այլ աստված Ալլահից բացի»: Ապա ոտքով ընկած գրքերը շպրտեցին անկյուն, որտեղ դրված էր աղբամանը»,- պատմել է Լապշինը: Նա նշել է, որ թեպետ իրեն կրոնական մարդ չի համարում, սակայն նման վերաբերմունքը գրքերի ու մասնավորապես կրոնական գրքերի վերաբերյալ իրեն խիստ անհանգստացրել է:

Բլոգերը պատմել է, որ անգամ Բելառուսում ոչ ոք իրեն չի արգելել ընթերցել կրոնական գրականություն և իր բանտակիցներն ունեցել են ինչպես Ղուրան, այնպես էլ Աստվածաշունչ: Նա նշել է, որ Ադրբեջանում դժվար կլինի բոլոր նրանց համար, ովքեր մուսուլման չեն: «Անկախ ինձնից հիշեցի Ադոլֆ Ալոիզովիչի իշխանության գալուց հետո նացիստների կողմից գրքերի այրումը»,- իր բլոգում գրել է Լապշինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում