Նոր «Դատական օրենսգիրքը» լուծում է դատավորի ներքին և արտաքին անկախության խնդիրը. Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նոր օրենսգիրքը

Նոր «Դատական օրենսգիրքը» լուծում է դատավորի ներքին և արտաքին անկախության խնդիրը. Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նոր օրենսգիրքը

Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց դատական նոր օրենսգրքի նախագիծը: Նախարարն ընդգծեց, որ օրենսգրքով առաջին հերթին լուծվում է դատավորի արտաքին և ներքին անկախության խնդիրը:

«Արտաքին անկախություն նշանակում է անկախություն դատական իշխանությունից դուրս գտնվող որևէ այլ մարմնից: Այս օրենսգրքում սահմանված են մի շարք հետաքրքիր դրույթներ, որոնց ցանկանում եմ անդրադառնալ: Առաջինն այն է, որ դատավորի վարքագծի կանոն է սահմանված, որ իր գործունեությանը միջամտելու ցանկացած փորձի մասին նա պարտավոր է հայտնել բարձրագույն դատական խորհրդին, իսկ վերջինս անմիջապես պետք է միջնորդություն ներկայացնի համապատասխան մարմին՝ պատասխանատվության ենթարկելու այն անձին, ով փորձել է միջամտել դատավորի գործունեությանը: Եթե բարձրագույն դատական խորհրդի միջնորդությունն անպատասխան մնաց, ապա բարձրագույն դատական խորհուրդը պետք է ինքը հանդես գա այդ մասին հայտարարությամբ, որպեսզի հանրությունն իմանա, թե ինչ է տեղի ունենում»,- ընդգծեց Հարությունյանը:

Նախարարը հավելեց, որ երկրորդ կարևոր փոփոխությունը, որն ապահովելու է դատավորի արտաքին անկախությունը, դատավորին տարբեր քննչական գործողություններից պաշտպանելն է: «Բանն այն է, որ դատավորը միշտ չէ, որ իր լիազորությունների հետ կապված պետք է ենթարկվի պատասխանատվության, այլ շատ հաճախ առնչվող գործերով հանկարծ դատավորը հայտնվում է վկայի կարգավիճակում, ինչը մեր մոտեցմամբ պետք է էապես սահմանափակվի: Այսինքն՝ մենք սահմանում ենք, որ բարձրագույն դատական մարմինը, այսինքն՝ սահմանադրական մարմինը, որը դատական իշխանության անկախության հիմնական երաշխավորն է, պետք է տա իր համաձայնությունը դատավորին քննչական գործողությունների մասնակից դարձնելու հարցում»,- պարզաբանեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ դատավորի արտաքին անկախության հետ կապված մի շարք հարցեր կան, որոնք վերաբերում են սոցիալական երաշխիքներին, որոնք հանդիսանում են համընդհանուր ճանաչված պահանջներ: «Սակայն օրենսգիրքը չի սահմանափակվել զուտ արտաքին անկախությամբ, քննարկման առարկա ենք դարձրել նաև դատավորի ներքին անկախությունը, որն ամենակարևոր տարրն էր: Այն մարմինը, որը գործում է դատական համակարգում՝ դատարանների նախագահների խորհուրդը, իսպառ վերացվում է: Բարձրագույն դատական խորհուրդն է լինելու այն կարևորագույն մարմինը, որն իր վրա է վերցնելու դատական իշխանության անկախությունն ապահովելու բոլոր ֆունկցիաները»,- նշեց նա:

Ըստ նախարարի, պատահական չէ, որ Սահմանադրությամբ ամրագրված է դատարանների նախագահների ընտրովիություն և որոշակի ժամկետ. Վճռաբեկ դատարանում այդ ժամկետը 6 տարի է, առաջին ատյանի և վարչական դատարաններում՝ 3 տարի: Ավելին, մեկ անձը դատարանի նախագահ ընտրվելուց և ժամկետը լրանալուց հետո այլևս չի կարող նույն պաշտոնում վերընտրվել: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներքին անկախության կարևորագույն տարրերից մեկը դատավորի անկախությունն է դատարանի նախագահից, օրենսգրքով փոխվել են դատարանի նախագահի լիազորությունները: Դրանք սահմանափակվել են զուտ դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու հարցերով, ինչպես նաև դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում ներկայացնելու հարցերով: Եթե վճռաբեկ դատարանի նախագահը նախկինում դիտարկվում էր որպես դատական իշխանության ներկայացուցիչ, տվյալ դեպքում նա ներկայացնում է միայն վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Դատական նոր օրենսգիրքը պարունակում է նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են դատական պրոցեսի անցկացման արդյունավետությանը: «Մենք առաջին անգամ ամրագրում ենք, թե ինչ է նշանակում գործի քննությունը և լուծումը ողջամիտ ժամկետում՝ մանրամասն տալով այն չափանիշները, թե ինչպես պետք է դա գնահատվի: Մենք նաև հնարավորություն ենք նախատեսում դատարան դիմելու, որպեսզի վերջինը ճանաչի արդար դատաքննության իրավունքի փաստը, այսինքն՝ ողջամիտ ժամկետում գործը քննելու և լուծելու փաստը: Մենք արգելում ենք քրեական գործերով մինչդատական վարույթի գործերով քաղաքացիական մասնագիտություն ունեցող դատավորների կողմից քննության հնարավորությունը: Բարձրագույն դատական խորհրդին թույլ ենք տվել սահմանելու մասնագիտացումների որոշակի տեսակներ, որոնց անդրադարձ կարող են կատարել հատուկ մասնագիտացում ունեցող դատավորները»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում