Երևանի դատարանները միավորող նախագիծը սահմանադրական օրենք չէ

Երևանի դատարանները միավորող նախագիծը սահմանադրական օրենք չէ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ խորհրդարանը Երևանի բոլոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները միավորող օրինագիծն ընդունել է առանց խախտումների: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի քվեարկությունն անցավ թեժ մթնոլորտում, իրականում սահմանադրական օրենք չէ, և պատգամավորների առնվազն 3/5-ի պահանջը չկար:

«Այստեղ խոսքը ոչ թե Դատական նոր օրենսգրքի մասին է, որը սահմանադրական օրենք է, այլ Դատական գործող օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, հետևաբար դա սահմանադրական օրենք չէ: Մենք Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում բազմաթիվ անգամ փոփոխություններ ենք իրականացրել, սակայն երբեք դա չենք դիտարկել որպես սահմանադրական օրենք: Սահմանադրական օրենք էր այն օրենքը, որով կարգավորվում է այս Ազգային ժողովի կանոնակարգը, սահմանադրական օրենք է Դատական նոր օրենսգիրքը, որը ես հիմա ներկայացնում եմ, բայց ոչ այն փոփոխությունների նախագիծը, որը ներկայացրել է իմ տեղակալը»,- նշեց Հարությունյանը:

Նա մանրամասնեց, որ նոր Դատական օրենսգիրքն անդրադառնում է նաև Սահմանադրության համապատասխան հոդվածներին: «Այն օրենքը, որը փոփոխությունների նախագիծ է, սահմանադրական չէ»,- կրկնեց նախարարը:

Դիտարկմանը, թե ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հարցը քվեարկության դնելուց առաջ հայտարարեց, որ օրենքի նախագիծը սահմանադրական է և պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ով, Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ շփոթմունքն այդտեղից է եկել:

Նա նշեց, որ օրինագծն ընդունելու համար 63 կողմ ձայնի պարտադիր պահանջ չկար, քանի որ այն սահմանադրական չէր: «63 ձայնի պահանջ կա Դատական նոր օրենսգրքի դեպքում, որը ես մի քանի րոպե առաջ զեկուցում էի դահլիճում, որովհետև այն սահմանադրական օրենք է»,- եզրափակեց Հարությունյանը:

Հայաստանի խորհրդարանը 63 կողմ ձայնով ընդունել է Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Երևանի բոլոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները միացնել և Երևանում ունենալ մեկ ընդհանուր իրավասության դատարան: Հարցը քվեարկության դնելուց առաջ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդգծեց, որ օրենքը սահմանադրական է, հետևաբար պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով: Քվեարկությունն անցավ թեժ մթնոլորտում, քանի որ անհրաժեշտ 63 ձայնի փոխարեն կողմ էր քվեարկել 61 պատգամավոր, այնուհետև գումարվեցին նաև Ռուստամ Մախմուդյանի ձայնը, ում կոճակը չէր աշխատել և Արփինե Հովհաննիսյանի ձայնը, ով գործուղման մեջ էր և նախագծի վերաբերյալ թողել էր իր դրական կարծիքը: Նախագծին կողմ էր քվեարկել նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, այն դեպքում, երբ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները քվեարկությանը չէին մասնակցել: Ընդդիմադիրները պահանջում էին, որպեսզի հարցը կրկին դրվի քվեարկության, սակայն Արա Բաբլոյանը հայտարարեց, որ որոշումն ընդունվել է, քվեարկության դրեց հաջորդ հարցը, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորները ցուցադրաբար լքեցին դահլիճը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում