Հայաստանից ապրանքների արտահանումն առաջին անգամ հատել է 2 միլիարդի սահմանը

Հայաստանից ապրանքների արտահանումն առաջին անգամ հատել է 2 միլիարդի սահմանը

Հայաստանում այս տարվա 11 ամիսներին տնտեսական աննախադեպ ցուցանիշներ են գրանցվել: Հունվար-նոյեմբերին արտահանման ծավալներն Հայաստանի անկախության ժամանակաշրջանում առաջին անգամ գերազանցել են 2 միլիարդ դոլարը: Ինչպես նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, նման ցուցանիշը սպասելի էր և կառավարության՝ արտահանմանն ուղղված հետևողական քաղաքականության արդյունք: «Ապրանքների արտահանումն առաջին անգամ հատել է 2 միլիարդի սահմանը: Նման ցուցանիշն, անշուշտ, սպասելի էր, քանի որ, հանդիսանալով տնտեսության շարժիչ ուժերից մեկը, արտահանումը ողջ տարվա ընթացքում արձանագրել էր կայուն աճի միտում»,-ասաց փոխնախարարը: Նրա խոսքով` տնտեսական ակտիվության 7.3 տոկոս աճն էլ ամենաբարձրն է վերջին հինգ տարիների ընթացքում:

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող տեղեկանքի` 2017-ի հունվար-նոյեմբերին երկնիշ աճ է ապահովվել ծառայությունների ծավալում (14.2), առևտրի շրջանառության (14.4), արդյունաբերական արտադրանքի ծավալում (12.3), արտաքին ապրանքաշրջանառության (26.4), արտահանման (23.5) և ներմուծման (28) ոլորտներում: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում, այն դեպքում, երբ նախորդող ամիսներին այս շարքը համալրում էր նաև շինարարության ոլորտը: Այն ողջ տարվա ընթացքում առաջին անգամ ակտիվացման նշաններ է ցույց տվել՝ 11 ամսում աճելով 0.3 տոկոսով (324 միլիարդ 558 միլիոն դրամ): Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-նոյեմբերի ցուցանիշը 4.9 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում