Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Նիկոլաևի «Տապան» հոգևոր մշակութային կենտրոնի բացմանը

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Նիկոլաևի «Տապան» հոգևոր մշակութային կենտրոնի բացմանը

Նիկոլաևում դեկտեմբերի 19–ին տեղի ունեցավ «Տապան» հոգևոր մշակութային կենտրոնի բացման արարողությունը, որին մասնակցում էին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Նիկոլաևի և Խերսոնի հոգևոր հովիվ Տեր Վարագ քահանա Յապարյանը, ՈւՀՄ-ի Նիկոլաևի և Խերսոնի մարզային կառույցների ղեկավարները, բարերարներ, ինչպես նաև Նիկոլաևի հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շնորհավորելով ներկաներին «Տապան» հոգևոր մշակութային կենտրոնի բացման կապակցությամբ՝ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը բարձր գնահատեց բարերարների և համայնքային կառույցների ղեկավարներիի աջակցությունը, ինչպես նաև հոգևոր հովվի անմիջական մասնակցությունը մատաղ սերունդների դաստիարակության, հայապահպանության և հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում:

Միջոցառման ընթացքում հնչեցին հայկական և ուկրաինական երգեր և բանաստեղծություններ: Ներկաները նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու խերսոնաբնակ տաղանդաշատ նկարչուհի Իդա Թումանյանի գործերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում