Բժշկական հաշտարարի համակարգն արագ կարձագանքի բողոքներին

Բժշկական հաշտարարի համակարգն արագ կարձագանքի բողոքներին

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 22 կետ առնչվում է առողջապահության համակարգի հետ։ Դրանցից երկուսը` բժշկական հաշտարարի համակարգի ներդրումը և պտղի սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման կանխարգելման միջոցառումները, ընդգրկվել են Ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի առաջին կիսամյակում նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ երեկ տեղի ունեցած հանրային քննարկումների օրակարգում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է նշված ուղղություններով կատարված աշխատանքները։

Բժշկական հաշտարարի համակարգի ներդման նպատակով ուսումնասիրվել է միջազգային փորձը, ինչի հիման վրա հստակեցվել են ստեղծվելիք կառույցի գործառույթները։ Նախատեսվում է, որ բժշկական համակարգի հաշտարարի համակարգի ներդրմամբ կլուծվեն չափելի հարցեր։ Ասենք` պետական պատվերից օգտվելու կամ հերթագրելու ընթացքում մարդու իրավունքի խախտում եղել է, թե՞ ոչ։

Մշակվել և սահմանված ժամկետում ՀՀ կառավարություն է ներկայացվել Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը:

Բժշկական հաշտարարի համակարգի ներդրումը չի ենթադրում վերահսկողության և մոնիտորինգի մեխանիզմների վերացում։ Հզոր և թափանցիկ այս համակարգը կլրացնի եղած հնարավորությունները` բողոքներին արագ և պատշաճ արձագանքելու, բնակչության շրջանում դժգոհությունները նվազագույնին հասցնելու նպատակով։

Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ պտղի սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումը կանխարգելելուն միտված աշխատանքները տարվում են մի քանի ուղղություններով` օրենսդրական փոփոխություններ, հանրության շրջանում հղիության արհեստական ընդհատման, մասնավորապես` սելեկտիվ աբորտների նկատմամբ մերժողական վերաբերմունքի ձևավորում, ինչպես նաև կանխարգելում: Մեծ աշխատանք է տարվել բնակչության իրազեկման և իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ` շեշտադրելով սելեկտիվ աբորտների վտանգավոր հետևանքները ոչ միայն մոր առողջության, այլև ժողովրդագրական ու անվտանգության տեսանկյունից:

Միջոցառումների արդյունքում արձանագրվել է նորածինների սեռերի անհամամասնության կրճատում։ 2016թ. այն կազմել է 100 աղջկա դիմաց 112 տղա` 2014-ի 100 – 114-ի փոխարեն։

Քննարկումների արդյունքում պայմանավորածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել սերտորեն համագործակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում