Բացառիկ նախագիծ Սյունիքում. բացվել է իտալական պիցցայի արտադրամասը (լուսանկարներ, տեսանյութ)

Բացառիկ նախագիծ Սյունիքում. բացվել է իտալական պիցցայի արտադրամասը (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապանում կայացավ իտալական պիցցայի արտադրամասի բացման արարողությունը: Իտալական բաղադրատոմսով և բացառապես տեղական հումքից պատրաստված կիսաֆաբրիկատ պիցցայի գործարան կառուցելու գաղափարը իտալացի խոհարար Նիկոլա Դի Մաուրոնինն է: Արտադրամասի բացման արարողությանը մասնակցել են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ինչպես նաև Իրանից Հայաստան ժամանած պատվիրակության անդամները, որոնց հետ, ի դեպ, բանակցություններ են վարվում պիցցայի արտահանումը կազմակերպելու նպատակով:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Տարածաշրջանի զարգացման գործում ևս մեկ քայլ առաջ անցանք: Այսպիսի գործարան Հայաստանում գոյություն չունի: Բոլոր սարքավորումները ներմուծվել են Իտալիայից: Ինչպես գիտեք՝ և՛ նախաձեռնողը, և՛ այս ամենը ղեկավարողը նույնպես իտալացի է և շեֆ-խոհարար է: Պայմանավորվածություն ունենք ամսական 100.000 պիցցա արտահանել Ռուսաստանի Դաշնություն, բայց մենք հիմա բանակցություններ ենք վարում իրանական կողմի հետ, այդ պատճառով էլ նրանք այսօր այստեղ են հրավիրվել, որպեսզի գործարանի ամբողջ արտադրանքը արտահանվի Իրան:Այդ դեպքում մենք կհրաժարվենք Ռուսաստան արտահանելուց, որովհետև լոգիստիկայի տեսանկյունից, մեզ շատ ավելի հարմար կլինի արտահանել Իրան»:

Իրանական «Արաս ԱՏԳ» գործադիր տնօրեն Մոհսեն Խադեմ Արաբ Բաղի էլ տեղեկացրեց, որ ծրագրում են համագործակցել արտադրանքի իրացման հարցում. «Կարծում ենք՝ կարող ենք համագործակցել և առաջարկում ենք, որ «հալալի» սերտիֆիկատ ձեռք բերեն, որպեսզի կարողանան առաքել մեր շուկա: «Հալալի» ապրանքանիշը թույլ կտա նաև իսլամական այլ երկրների շուկաներում ևս սպառում ունենալ: Նմուշները, որոնք մենք այստեղ փորձեցինք, իրանական ճաշատեսակներին շատ են համապատասխանում»:

Արտադրամասի հիմնադիր «Իտալիան ֆուդ կորպորեյշն» ՍՊԸ տնօրեն Նիկոլա Դի Մաուրոն տեղեկացրեց, որ առայժմ 8 տեսակի պիցցա կարտադրեն: «Պատրաստման ամբողջ ընթացքում ավտոմատացումը գրեթե նվազագույնի է հասցված: Իհարկե, դրանից շահում է որակը: Արտերկրից հումք չենք ներկրում: Մեր մատակարարների 90 տոկոսը Սյունիքից են: Սարքավորումները իտալական են, որակյալ արտադրանք տալու բոլոր նախապայմանները ստեղծված են»,-ասաց նա:

Արտադրամասի հիմնումը լուծել է նաև մարզի մի շարք կանանց գործազրկության խնդիրը: «Մեկ ու կես տարի է՝ չէի աշխատում: Հիմա աշխատանք եմ գտել պիցցայի գործարանում: Շատ գոհ եմ, հաճույքով գալիս եմ աշխատանքի»,-ասաց արտադրամասի աշխատակցուհին:

Life.panorama.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում