«Շիրվանի Ազատագրության Ճակատը» կոչ է արել թաթ զինվորներին զենք վերցնել հանուն Շիրվանի ազատագրության

«Շիրվանի Ազատագրության Ճակատը» կոչ է արել թաթ զինվորներին զենք վերցնել 
հանուն Շիրվանի ազատագրության

2014թ.-ից Ադրբեջանական Հանրապետության տարածքում իր ընդհատակյա գործունեության մասին հայտարարած կովկասյան պարսիկների (թաթերի) «Շիրվանի Ազատագրության Ճակատ» կազմակերպությունը, որի նպատակն է հասնել Շիրվանի Պարսկական Հանրապետության ստեղծմանը, հանդես է եկել հերթական հայտարարությամբ։ Հայտարարության մեջ նշվել է, որ օրերս առաջնագծում սպանված Ֆիզուլի Սալահովը ազգությամբ կովկասյան պարսիկ էր, և մեղադրել Բաքվի գործող իշխանություններին այս ժողովրդի դեմ վարվող ոճրագործ քաղաքականության համար։ Հատկանշական է հատկապես այն, որ հայտարարության մեջ նշվել է, որ Արցախյան հակամարտության գոտում մեռնող կովկասյան պարսիկները չպետք է համարվեն «նահատակ» (շահիդ), քանի որ «նահատակ» կոչվելու արժանի են միայն Շիրվանի ազատագրության համար իրենց կյանքը զոհողները։ Բացի այդ՝ կոչ է արվել բոլոր թաթ զինվորներին առաջնագծից վերադառնալ իրենց հայրենի գյուղեր և քաղաքներ՝ զենք վերցնելու հանուն Շիրվանի ազատագրության։

Ստորև հայտարարության տեքստի ամբողջական թարգմանությունն է։

Հայտարարություն

Մի քանի օր առաջ Ղարաբաղի առաջնագծում մահացավ Ֆիզուլի Սալահովը՝ մեր հերթական թաթ որդին։ Մեր թաթ զինվորականը Գանդովից էր և երկու զավակ ուներ։ Թող Աստված նրան ողորմի, տեղը դրախտում լինի։

Բաքվում նստած արնախում իշխանությունը, ինչպես միշտ, այս անգամ ևս իր կեղտոտ նպատակի համար մեր ազգի որդիների արյունն օգտագործեց, հայտարարեց, որ մեր Ֆիզին հայի ձեռքով է նահատակվել, իսկ մեկ օր հետո դիակը տվեց ընտանիքին, ասելով՝ հպարտացեք, Ֆիզին զոհվել է. գնացե՛ք, թաղե՛ք։ Անցած տարվա ապրիլի պատերազմից հետո մեր հերթական զավակը 12-րդ անիմաստ կորուստն էր, այն դեպքում, որ թյուրքի ոչ մի զավակ այս ընթացքում Ղարաբաղի ճակատում չի զոհվել։ Տեսնես թաթից բացի ուրիշ մարդ չկա՞ Ադրբեջան կոչվող այս դժոխքում։

Շիրվանի ազատագրության ճակատը, որպես թաթ ժողովրդի միակ քաղաքական կառույց, դատապարտում է Բաքվի մարդասպան ռեժիմի կողմից թաթ ժողովրդի դեմ տարվող այդ ոճրագործ քաղաքականությունը և դիմելով իր թաթ հայրենակիցներին՝ հայտարարում է՝

1. Մեր՝ համայն թաթերիս (թաթ, փարսի, դաղլի, լոհիժ) հայրենիքը Շիրվանն է։ Մեր կռիվը պետք է ոչ թե Ադրբեջան կոչվող դժոխքի, այլ մեր բոլորի հպարտությունը հանդիսացող Շիրվանի համար լինի։

2. Ո՛չ Ղարաբաղում, ո՛չ էլ որևէ այլ տեղ մեռած մեր թաթ զինվորները «նահատակ» չեն, քանի որ մեզ համար միայն Շիրվանի ազատագրության կռվում ընկած զինվորները պետք է «նահատակ» համարվեն։

3. Առաջնագծում գտնվող մեր բոլոր զինվորները պետք է անհապաղ ոտքի կանգնեն, վերադառնան իրենց տները, սեփական գյուղերում և քաղաքներում զենք վերցնեն և հանուն Շիրվանի ազատագրության` պայքար սկսեն Բաքվի ներկայիս հանցագործ վարչակարգի դեմ։

4. Մեր կառույցի ակտիվ անդամները պետք է Շիրվանի ողջ տարածքով տարածեն այս հայտարարությունը, ինչպես նաև հայտարարության մասին տեղեկացնեն ծառայության մեջ գտնվող մեր զինվորներին։

Մեր պայքարը հանուն մեր ժողովրդի, հանուն Շիրվանի ազատագրության է։ Մենք մեր Շիրվան երկրի տերն ենք եղել, կանք և դեռ լինելու ենք։

Հ.Գ. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական բանակի կորուստների մեջ մեծ թիվ են կազմում հենց կովկասյան պարսիկների (թաթերի) ներկայացուցիչները, որը խոսում է այն մասին, որ Բաքվի իշխանությունները միտումնավոր առաջնագիծ են ուղարկում հենց այս ժողովրդի զավակներին։ Ուշագրավ է, որ «Շիրվանի Ազատագրության Ճակատը» 2016թ.-ի ապրիլյան մարտերի ժամանակ, գումարելով Ավագների խորհուրդ, որոշում էր կայացրել առաջնագծից հետ կանչել թաթ երիտասարդներին։ Այդ օրերին նշված կազմակերպության տարածած ձայնային ուղերձը լայն արձագանք է գտել համացանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում