AM | RU
USD
EUR
RUB

Արցախի խորհրդարանն ընդունեց 2018թ.-ի պետական բյուջեն. 6-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 61 օրենք

 
 

Արցախի Ազգային ժողովը դեկտեմբերի 21-ին գումարել է 6-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, որի ընթացքում նախատեսված բյուջետային քննարկումներին մասնակցել է ԱՀ կառավարությունը՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդգծել է բյուջեի նախագծի քննարկումների շրջանակում իշխանության օրենսդիր և գործադիր թևերի միջև գործնական ու վստահելի համագործակցության իրողությունը՝ որպես սահմանադրական մշակույթի շարունակական ձևավորման վկայություն:

Նստաշրջանի օրակարգը համալրելուց և նիստի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը շարունակել է դեկտեմբերի 14-ին ընդմիջված՝ Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ներկայացնելով նախագիծը՝ ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ ԱԺ խմբակցությունները և պատգամավորները երկրորդ փուլում ներկայացրել են 32 առաջարկ՝ 4,8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Կառավարության և Ազգային ժողովի կողմից կատարված առաջարկությունների արդյունքում բյուջեի լրամշակված նախագծով վերջնական ցուցանիշները կազմել են. եկամուտներ՝ 96 մլրդ 428 մլն դրամ, ծախսեր՝ 101 մլրդ 538 մլն դրամ, դեֆիցիտ՝ 5 մլրդ 110 մլն դրամ:

Բյուջեի նախագծին «դեմ» քվեարկելու իրենց հիմնավորումներն են ներկայացրել «Վերածնունդ» և «Շարժում-88» խմբակցությունները, իսկ «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» և «Հայրենիք» խմբակցությունները հանդես են եկել «կողմ» քվեարկելու դիրքորոշմամբ:

Նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում պետական նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է խմբակցությունների ներկայացուցիչների տեսակետներում հնչած՝ միջպետական վարկին, պետական ապարատի օպտիմալացմանը, կրթական ոլորտի բարեփոխումներին, կապիտալ շինարարության ծրագրերին վերաբերող մտահոգություններին:

Խորհրդարանը նախ քվեարկել և ընդունել է բյուջեի կազմում ներկայացված «ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» և «Հարկերի մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթները, այնուհետև՝ 28 կող, 4 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել «Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, շնորհակալություն հայտնելով բյուջեի նախագծի շուրջ համատեղ աշխատանքի համար, նշել է, որ պատգամավորների կողմից ներկայացված այն առաջարկությունները, որոնք չեն ներառվել պետական բյուջեում, տարվա ընթացքում կարժանանան ԱՀ կառավարության ուշադրությանը:

Կարճատև ընդմիջումից հետո խորհրդարանը շարունակել է օրենսդրական աշխատանքը:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որի քննարկումը նախորդ նիստին իր նախաձեռնությամբ հետաձգվել էր՝ գլխադասային հանձնաժողովում լրացուցիչ քննարկելու նպատակով:

Հաջորդիվ նախարար Դանիելյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, ներկայացնելով «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, առաջարկել է այն ընդունել երկրորդ ընթերցմամբ:

Վերոնշյալ բոլոր օրինագծերն արժանացել են խորհրդարանի հավանությանը:

Անդրադառնալով ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու օրակարգային հարցին՝ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 8-ին հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ներկայացրել է պաշտոնից հրաժարվելու դիմում: Մեջբերելով ԱԺ կանոնակարգի 124-րդ հոդվածի 4 մասի 2-րդ կետը և 5-րդ մասը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ այդ պաշտոնի համար խմբակցությունների կողմից կարող է առաջադրվել նոր թեկնածու:

ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է նույն խմբակցության պատգամավոր Արարատ Օհանջանյանին: Կայացած գաղտնի քվեարկության արդյունքներով (30 կողմ և 0 դեմ) ԱԺ-ն ընդունել է որոշում՝ Արարատ Օհանջանյանին սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու մասին:

Լիագումար նիստի օրակարգի պարտադիր քննարկման ենթակա հարցերից խորհրդարանն անդրադարձել է դատավորների նշանակմանը: ԱՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի և ԱԺ կանոնակարգ օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Ազգային ժողովին են ներկայացվել Նորայր Առաքելյանի և Լուսինե Աղաբեկյանի թեկնածությունները՝ ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորների պաշտոնների համար:

Տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքով ընդունված ԱԺ որոշման համաձայն՝ Նորայր Առաքելյանը (27 կողմ, 3 դեմ) և Լուսինե Աղաբեկյանը (30 կողմ, 0 դեմ) նշանակվել են դատավորներ և երդման արարողությունից հետո՝ ստանձնել պաշտոնը:

Շարունակելով օրենսդրական աշխատանքը՝ խորհրդարանը քննարկել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Նախարարը նշել է, որ այն նպատակ ունի մինչև տեղական ինքնակառավարման բնագավառում Սահմանադրությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները, կարգավորել ՏԻՄ բնականոն գործունեությունը:

Ներկայացնելով «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծի փաթեթը՝ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծել է, որ օրենքի ընդունմամբ ակնկալվում է ապահովել վիճակախաղերի տոմսերի հաշվետվությունների և հրապարակումների էլեկտրոնային համակարգի ներդրման նախադրյալներ, ինչպես նաև նվազեցնել հաստատագրված վճարների չափը՝ ոլորտի զարգացման համար ավելի բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակով:

Նոր Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու հիմնավորմամբ նախարար Մարտիրոսյանի կողմից ԱԺ-ին է ներկայացվել «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը:

Ազգային ժողովն ընդունել է նաև նշված բոլոր օրենքները:

Խորհրդարանի ղեկավարը, ամփոփելով նիստի աշխատանքները, առանձնացրել է 6-րդ գումարման ԱԺ-ի 6-րդ նստաշրջանի կարևոր իրադարձություններն ու ձեռքբերումները և նշել, որ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 61 օրենք: Աշոտ Ղուլյանը պատգամավորներին և խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողներին շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորել գալիք ամանորյա տոների կապակցությամբ:

Լրահոս
Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով «Ժամանակ». Ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների «Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին «Հրապարակ». Շիրակում Նազելի Բաղդասարյանը ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետը «Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը ԿԳ նախարարությունը հայտնել է դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը «Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը «Ժամանակ». Ռևերանսներ գործող իշխանությանը «Հրապարակ». Ոչ թե երեք փոխվարչապետ, այլ՝ մեկը, ոչ թե 18 նախարարությունն, այլ՝ 11-ը «Ժամանակ». Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը «Իրատես». Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը «Հրապարակ». ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan