Լիճքում էներգետիկ վթարից տնտեսությունները եւ հիմնարկները զգալի վնաս են կրել

Լիճքում էներգետիկ վթարից տնտեսությունները եւ հիմնարկները զգալի վնաս են կրել

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում տեղի ունեցած էներգետիկ վթարի հետեւանքով զգալի վնասներ են կրել տնտեսություններ, Լիճքի գյուղապետարանը, «Կիլիկիա» սուպերմարկետը եւ «Հայփոստ»-ի բաժանմունքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը, վերջին օրերի ընթացքում երկու անգամ վթարվել է գյուղապետարանի կողքի տրանսֆորմատորային ենթակայանը, ինչի հետեւանքով էլ վնաս են կրել գյուղի տնտեսությունները եւ կազմակերպությունները: Առաջին վթարի ժամանակ վնասները, կարելի է ասել, չնչին էին, սակայն երկրորդ վթարի ժամանակ արդեն գրանցվեց աննախադեպ ու չսպասված պատահարը, որն ուղեկցվեց լուրջ վնասներով:

Վթարի հետեւանքով շարքից դուրս են եկել կենցաղային էլեկտրատեխնիկական սարքավորումները՝ սառնարաններ, համակարգիչներ, ջեռուցման կաթսաներ, հեռուստացույցներ, այլ իրեր:«Էլեկտրական ցանցեր» ընկերության Գեղամա մասնաճյուղի կողմից վթարը վերացված է, սակայն վթարի հետեւանքները դեռեւս մնում են: Թե մենք, թե տնտեսությունները դիմել ենք մասնաճյուղին՝ պատճառված վնասը վերականգնելու ակնկալիքով»-ներկայացրեց Գնել Գրիգորյանը: «Էլեկտրական ցանցեր» ընկերության Գեղամա մասնաճյուղի տնօրեն Գագիկ Գրիգորյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ իրենք ընդունել են թե բնակիչների, թե կազմակերպությունների դիմումները, որոնք ուսումնասիրման փուլում են:«Ովքեր մեզ դիմել են վթարի պատճառով իրենց հասցված վնասների վերականգնման համար, նրանց դիմումը կբավարարվի:

Վաղը կժամանի մեր ընկերության մասնագիտացված խումբը, որը տեղում կուսումնասիրի պատճառված վնասները եւ կնորոգի շարքից դուրս եկած էլեկտրակենցաղային բոլոր սարքավորումները»-հավաստեց Գագիկ Գրիգորյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում