Փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների վարչական բեռը կթեթևացվի

Փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների վարչական բեռը կթեթևացվի

Փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների վարչական բեռը կթեթևացվի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ այդ նպատակով ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվում են փոփոխություններ:

«Ավելորդ կարգավորումների վերացմամբ մենք հնարավորություն ենք ստեղծում, որ աշխատանքային հարաբերությունները ոչ ֆորմալից անցնեն ֆորմալի, խթանվեն օրինական հարաբերությունները: Մասնավորապես, առաջարկվում է, որ փոքր բիզնեսով զբաղվող գործատուները իրավունք ունենան չընդունել ներքին իրավական ակտեր, ներքին կարգապահական կանոններ: Գործատուները պարտավոր են իրենց աշխատանքային պայմանագրերը համապատասխանեցնել այն օրինակելի ձևին, որը կսահմանի լիազոր մարմինը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը»,- ասաց նա: Այսինքն` պայմանագրի օրինակելի ձևը գործատուն կարող է ներբեռնել համապատասխան կայքից, լրացնել աշխատակցի տվյալները և այն պատրաստ է: Իրավաբան վարձելու համար ավելորդ ծախսերի անհրաժեշտություն չկա: Այս դեպքում կպարզեցվեն նաև վարչական մարմինների հետ հարաբերությունները:

Նոր նախագծով «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում առաջարկվում է նախապատվության իրավունք հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար՝ աշխատավայրում հաստիքների կրճատման դեպքում: Առաջարկը ստացվել է ՀՀ ՊՆ-ից, քննարկվել միջազգային փորձագետների հետ:

Հաջորդ փոփոխությամբ հստակեցվում է օրենսգրքով սահմանված օրական 24 ժամ աշխատաժամանակի ռեժիմի կիրառումը` հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան:

Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը ներկայում ՀՀ արդարադատության նախարարությունում է: Նախատեսվում է հունվարին այն ներկայացնել կառավարությանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում