ԼՂ հակամարտության կարգավորման հարցում եկող տարի լավագույն ակնկալիքը կարող է լինել վստահության մթնոլորտի ձևավորումը

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում եկող տարի  լավագույն ակնկալիքը կարող է լինել վստահության մթնոլորտի ձևավորումը

Հայաստանի ԱԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը անշնորհակալ գործ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ կանխատեսումներ անելն այն դեպքում, երբ ունես անշնորհակալ հակառակորդ:

Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Աշոտյանն ընդգծեց, որ գուցե ավելի հեշտ է կանխատեսումներ անել, թե որ հավաքականը կհռչակվի 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն, քան կանխատեսել Ադրբեջանի նախագահի քաղաքական վարքագիծը: «Այո, ցավոք, արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը շատ է կախված անձից, որովհետև միջազգային ինստիտուտները դեռ չեն անցել այդ Ռուբիկոնը, որ Ադրբեջանին պարտադրեն պայմանավորվածությունները կատարել, խաղաղություն հաստատել: Ադրբեջանն օգտվում է դրանից և արտաքին ու ներքին լսարանների համար տարբեր ու միմյանցից հակասող ուղերձներ է հղում»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Պատգամավորը նշեց, որ հաջորդ տարի լավագույն ակնկալիքները, որը կարող են ունենալ Արցախում ու Հայաստանում, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումն է, վստահության մթնոլորտի ձևավորումը, բանակցային միջավայրի բարելավումը, ինչին զուգահեռ բարձր մակարդակով հանդիպումները կարող են արդյունավետ լինել: «Ինձ համար գոյություն ունեն նախանշաններ, ցանկացած հիվանդություն, պրոցես նախանշաններից է սկսվում: Արցախյան հակամարտության կարգավորման դրական նախանշանն ինձ համար այն կլինի, որ Իլհամ Ալիևն իր երկրի ներսում, իր ներքին լսարանի համար ասի այն, ինչ խոսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների շրջանակներում, չլինի անդունդ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության արտաքին ու ներքին օրակարգերի բառապաշարի, ուղերձների միջև: Այդ ժամանակ ես դա կհամարեմ լավ նշան: Դա կնշանակի, որ Ադրբեջանի ղեկավարությունը նախապատրաստում է իր հանրությանը խաղաղության»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով բանակցային գործընթացում Արցախի ներգրավման մասին` Աշոտյանն ասաց, որ հայկական կողմի խնդիրն այն չէ, որ «խաղադաշտ դուրս գա և թիմին միանա նոր խաղացող. գերխնդիրն այն է, որ թիմը հաղթի: «Եթե թիմային հաղթանակի համար որպես տակտիկական միջոց պետք լինի, պետք լինի պնդել այդ օրակարգը, վստահ եղեք, որ մենք դա կանենք: Եթե այդ օրակարգը չի լինելու այն միակ միջոցը, որով մենք կարող ենք հասնել թիմային հաղթանակի, ապա այդ տարբերակը դեռ պետք է պահել: Ամեն դեպքում, եթե հիշում եք, բազմիցս խոսվել է, որ չի կարող լինել կարգավորման որևէ վերջնական բանաձև, որի կապակցությամբ Արցախի ժողովուրդը կարծիք չունենա, չի կարող լինել որոշում, որին Արցախի ժողովուրդը դեմ լինի, որը հակասի ժողովրդի կողմից ընդունված ժողովրդավարական իշխանությունների դիրքորոշմանը»,- շեշտեց Աշոտյանը:

Արցախի ներգրավումը բանակցություններին, նրա խոսքով, տակտիկայի խնդիր է, և ճիշտ կլինի դիվանագիտական ջանքերն ուղղորդել խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Նա նաև նկատեց, որ «սառը պատերազմի» ավարտից ու ԽՍՀՄ փլուզումից հետո կարգավորվել է միայն երկու հակամարտություն, որովհետև Արևմուտքը դրանց կարգավորմանը հասնելու համար գործի է դրել իր ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական պոտենցիալը: «Խոսքը Կոսովոյի և Բոսնիա Հերցեգովինայի հակամարտությունների մասին է, որոնք եղել են արևմտյան մայրցամաքում: Այս երկու խնդիրները կարգավորվել են, սա նշանակում է ընդլայնված կամ պարտադրված մոտեցում, որն այդ ժամանակ ընդունելի է եղել բոլոր կողմերի համար: Այո, հակամարտությունների կարգավորումը կարող է լինել ավելի երկար, եթե չլինի աշխարհաքաղաքական պարտադրող միասնական վեկտոր այդ կոնֆլիկտների լուծման համար, չլինեն աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխություններ, որոնց արդյունքում կողմերից մեկը ուժ կստանա»,- մանրամասնեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում