Դատական օրենսգրքում փաստաբանների նկատմամբ դատական տուգանք նշանակելու վերաբերյալ կարգավորումը խնդրահարույց է

Դատական օրենսգրքում փաստաբանների նկատմամբ դատական տուգանք նշանակելու վերաբերյալ կարգավորումը խնդրահարույց է

Դատական օրենսգրքում փաստաբանների նկատմամբ դատական տուգանք նշանակելու վերաբերյալ կարգավորումը կարող է կաշկանդել փաստաբանին կատարելու իր մասնագիտական պարտականությունները: ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը խնդրահարույց է համարում Դատական օրենսգրքում փաստաբանների նկատմամբ որպես դատական սանկցիա մինչև 100 հազար դրամի սահմաններում տուգանք նշանակելու վերաբերյալ կարգավորումը:

«Այսօր գործող իրավակարգավորման պայմաններում փաստաբանի և դատախազի նկատմամբ չի թույլատրվում տուգանք նշանակել: Մենք հասկանում ենք, որ այդ կարգավորումը նպատակ ունի կանխել հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը, որը կարող է ենթադրաբար դրսևորվել փաստաբանի կամ դատախազի կողմից, սակայն անբարեխիղճ դատավորներից պաշտպանվելու երաշխիքներ չունենք»,– նշեց Զոհրաբյանը:

Զոհրաբյանի կարծիքով` դատավորը հանգիստ կարող է փաստաբանին սույն օրենսգրքով նախազգուշացնել, այնուհետև կիրառել դատական տուգանք:

«Ընդ որում, այդ դատական տուգանքի մասին որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա է կատարման: Բացի այդ, դրա բողոքարկումը չի կասեցնում այդ որոշման կատարումը»,- ասաց Զոհրաբյանը:

Ըստ Փաստաբանների պալատի նախագահի` պետք է տրվեն այնպիսի երաշխիքներ, որպեսզի փաստաբանները անբարեխիղճ դատավորների «ձեռքի տակ» չընկնեն:

Զոհրաբյանն առաջարկում է այդ կարևոր օրինագծերի վերաբերյալ բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ մասնագիտացված քննարկում կազմակերպել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում