Արյունատար անոթների սքաները, մուտքանուն-ծածկագրի ծրագիրն ու ինֆորմացիայի գերպաշտպանվածությունը՝ հայկական ստարտափի հիմքում

Արյունատար անոթների սքաները,  մուտքանուն-ծածկագրի ծրագիրն ու ինֆորմացիայի գերպաշտպանվածությունը՝ հայկական ստարտափի հիմքում

Արյունատար անոթների ու մատնահետքի սքաներ, մուտքանուն-ծածկագրի ծրագիր և ինֆորմացիայի գերպաշտպանություն. սրանք այն բաղադրիչներն են, որոնք կունենա Տիգրան Ջհանյանի ու իր թիմի նախագծված կիբեռանվտանգության USB գործիքը։ Վերջինը դեռ նախագծային փուլում է. շտկումներից ու լրացումներից հետո, ամենայն հավանականությամբ, գարնանը կստանան լաբորատոր, իսկ ամռանը՝ կոմերցիոն նախատիպը։ «Երեք հիմնական բաղադրիչներից կազմված սարքը հնարավոր չի լինի ապակոդավորել առանց մատնահետքի կամ արյունատար անոթների սքանավորման։ Եթե անգամ ինչ-որ կերպ այն ապակոդավորվի, ապա ինֆորմացիան լրիվությամբ կջնջվի, գողացողին հասանելի չի լինի այն»,-քիչ հավանական տարբերակն էլ հաշվի առել ստարտափի հիմնադիրը։

Փոքրիկ կրակայրիչի կամ USB հիշողության սարքի նմանությամբ ստեղծված կիբեռանվտանգության USB գործիքը եթե միացված լինի համակարգչին, ապա բրաուզերը բացելուց ու նախընտրած հասցեն հավաքելուց հետո՝ կլինի սոցիալական ցանց, բանկային համակարգ, թե այլ ծրագիր, այն ավտոմատ կմուտքագրի տիրոջ մուտքանուն-ծածկագիրը։ Այս գործառույթը Տիգրանը կարևորում է հատկապես տարբեր ծրագրերով աշխատող մարդկանց համար, օրինակ՝ բջջային կապի ծառայությունների, բանկային համակարգի կամ այլ ոլորտի աշխատակիցների։

Բացի այն, որ սարքը կհոգա համակարգ մտնելու հոգսը և հիշողությունն ավելորդ ծանրաբեռնելու կարիք չի լինի, այն նաև ինքնուրույն «ելք» կանի համակարգից և որ ամենակարևորն է՝ լիովին անվտանգ կերպով։ Ինչպես կոմերցիոն ընկերությունների, այնպես էլ ֆիզիկական անձանց դեպքում սեփական հարթակ «մուտք ու ելք» անելիս համակարգչի բրաուզերներից և ոչ մեկը «միջնորդ» չի հանդիսանա. «Հիմա մենք փորձում ենք սարքի համար բրաուզերանման ծրագիր գրել, որպեսզի հատկապես օտար համակարգչից օգտվելու դեպքում, բոլոր գործողությունները արվեն բացառապես սարքի մեջ։ Ի դեպ, սարքը համակարգչից անջատելու դեպքում կատարված գործողությունները համակարգչի հիշողությունից ջնջվելու են»,-մանրամասնում է One-Click Key ստարտափի հիմնադիրը։

Օտար համակարգչից բացի, ինֆորմացիայի կրիչի պարունակությունը անհասանալի կլինի նաև այն ստեղծողների համար։ Այս կետը՝ ինֆորմացիայի անհասանելիությունը, բացառություն կլինի միայն կորպորատիվ նպատակով ստեղծված սարքերի դեպքում` այն էլ միայն կազմակերպության ղեկավարի համար։ Ընկերության տնօրենը, սեփականատերը կամ բաժնետերը հնարավորություն կունենա հետևելու և վերահսկելու սարքի օգնությամբ կատարվող ցանկացած գործողություն։ Սա էլ հենց ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների համար մշակված տարբերակների առանցքային տարբերությունը կլինի։

Կարևորագույն առաջադրանքերից մեկը, որը թիմի անդամները դրել են իրենց առաջ, մարդու առողջությանը չվնասող սարք ստանալն է։ Այն օգտագործողը պետք է ապահովագրված լինի ոչ միայն ինֆորմացիայի գաղտնիության, այլև առողջության առումով։ Այս ու որոշ մանր-մունր հարցեր, Տիգրանի վստահեցմամբ, մինչև ամառ լուծում կստանան և Հայաստանում կսկսվի One-Click Key-ի արտադրությունը։

Թե որքան կարժենա սարքը, հստակ ասելը դեռ դժվար է, բայց ֆիզիկական անձանց համար կտատանվի 35-65 դոլարի սահմանում։ Գինը կախված կլինի սարքի ֆունկցիոնալ հագեցվածությունից ու հզորությունից։

Իսկ մինչ այդ՝ արտասահմանյան երկու ընկերություններ, որոնցից մեկը ներկայացուցչություն ունի Հայաստանում, արդեն իսկ հետաքրքրված են հայ մասնագետների նախագծած USB գործիքով, ավելին՝ դրանցից մեկն անգամ պատրաստակամություն է հայտնել լաբորատոր նախատիպը ստանալուց հետո ներդրում անել։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում