Արևային Էներգիայի ոլորտը բավական ակտիվ զարգացում է ապրել. արևային էներգետիկայի փորձագետ

Արևային Էներգիայի ոլորտը բավական ակտիվ զարգացում է ապրել. արևային էներգետիկայի փորձագետ

Ընթացիկ տարում արևային Էներգիայի ոլորտը բավական ակտիվ զարգացում է ապրել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Շտիգեն» ընկերության հիմնադիր – տնօրեն, արևային էներգետիկայի փորձագետ Հայկ Շեկյանը նշեց, որ տարվա ընթացքում զգալի աշխատանք է կատարվել:

«Բավական մեծ ծավալով աճ է արձանագրվել, միայն ամեն տանիքի վրա տեղադրված արևային համակարգերի ընդհանուր հանրագումարային հզորությունն արդեն հասել է 2 ՄԳՎ-ի: Մեր ընկերությունը դրանում ունի ծանրակշիռ ավանդ: «Շտիգեն» ընկերությունը Երևանում այս տարի տեղադրել է կայան, որը տարածաշրջանում ամենախոշորն է»,-ասաց Հայկ Շեկյանը:

Նա կարևորեց նախատեսված օրենսդրական փոփոխությունները: Հասարակության շրջանում կար մտահոգություն այն մասին, որ արևային էներգիան չեն կարողանում կիրառել ջեռուցման համար: Օրենքի նախագծի մեջ առաջարկվում են փոփոխություններ, որոնք թույլ կտան էներգիա ունենալ ոչ միայն ամռանը, այլև այն կուտակել, արտադրել որոշակի ավելցուկով` ձմռանը էլեկտրական ցանցից ետ ստանալու համար:

Դրական նորություն կա այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են բիզնեսով և ունեն էներգիայի մեծ ծախսեր: Գործող օրենքով թույլատրվում է ունենալ մինչև 15 կՎտ-անոց դրվածքային հզորությամբ կայան առանց որևէ լիցենզիայի, առանց հարկային պարտավորությունների: Նոր փոփոխություններով նախատեսվում է այդ նշաձողը բարձրացնել մինչև 500 կՎտ-ի: Հայկ Շեկյանի խոսքով՝ դրա արդյունքում փոքր, միջին բիզնեսի մեծ հատված կարող է մտնել այդ դաշտ, կատարել շահավետ ներդրումներ:

Խոսելով խնդիրների մասին` Հայկ Շեկոյանը նշեց, որ որքան էլ տեսնում ենք դրական փոփոխությունները, մարդիկ հետաքրքվում են ոլորտով, ստեղծված հնարավորություններով, այդուհանդերձ կա որոշակի լուսաբանման, տեղեկատվության պակասի խնդիր: Այդ բացն ինչ-որ չափով լրացնելու համար «Շտիգեն» ընկերությունը հայտարարում է լուսաբանման մրցույթ լրատվամիջոցների, լրագրողների համար: Մինչև 12/12/2018 թվականը, արևային էներգետիկայի վերաբերյալ նյութեր հրապարակած լրագրողներին, ովքեր իրենց նյութերը կուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին, կարող են մասնակցել այդ մրցույթին: Մրցույթում լավագույն հրապարակումները կստանան դրամական պարգևներ: Լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքը գնահատվելու է մի քանի չափանիշներով. հավաստիություն, համակողմանիություն, պարբերականություն, օբյեկտիվություն, մասնագիտական որակներ, մատչելիություն:

Անդրառնալով գործունեության ընդլայնմանը` Հայկ Շեկյանը նշեց, որ «Շտիգեն» ընկերությունն ավստրիական «Fronews» ընկերության հետ ունի բացառիկ պայմանագիր, որը թույլ է տալիս սպասարկել ընկերության արտադրանքը տարածաշրջանում:

«Հաճախորդները կարող են վստահաբար ձեռք բերել «Fronews» ընկերության արտադրանքը: Որևէ խնդիր չեն ունենա, ստիպված չեն լինի սպասել, որ ապրանքը գնա Ավստրիա, սպասարկվի, նոր ետ վերադառնա: Նմանատիպ մի շարք ընկերությունների հետ մենք ունենք պայմանագրեր»,-ասաց նա:

«Շտիգեն» ընկերությունը նաև Արցախում ունի հեռուն գնացող ծրագրեր: Այնտեղ շուկան ընդլայնվում է, ընկերությունը նախատեսում է գրասենյակ բացել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում