«Ժողովուրդ»․ Հաշմանդամություն ունեցողներին կանչում են «վերաքննության» և մեծ մասին զրկում կարգից

«Ժողովուրդ»․ Հաշմանդամություն ունեցողներին կանչում են «վերաքննության» և մեծ մասին զրկում կարգից

««Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը հաշմանդամության կարգի տրամադրման վերաբերյալ դժգոհություններով բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում ՀՀ քաղաքացիներից: Բանն այն է, որ նրանք այս տարվա մեջ արդեն դիմել են բժշկասոցիալական փորձաքննության, ստացել հաշմանդամության կարգ, բայց մինչև տարեվերջ նրանց բոլորին կրկին կանչում են, այսպես ասած, վերաքննության և մեծ մասին զրկում կարգից անհիմն պատճառներով: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիներից մեկը, ով սուր ինֆարկտ է տարել, ունի սրտանոթային, երիկամների և ողնաշարի հետ կապված առողջական խնդիրներ. հինգ տարի է, ինչ հաշմանդամության կարգ ունի: Բժշկասոցիալական փորձաքննության ներկայացել է սեպտեմբերին, ստացել է հաշմանդամության երրորդ կարգ: Սակայն օրեր առաջ կրկին կանչվել է բժշկասոցիալական փորձաքննության և զրկվել է կարգից՝ պատճառաբանությամբ, թե դեղեր խմեք, լավ կլինի: Նրա նման նաև հարյուրավոր քաղաքացիներ կան: «Ասացին` Ձեր չափանիշները չեն բավարարում` կարգ ստանալու համար: Հանձնաժողովի անդամներից մեկն ասաց` ես չեմ ասում` Դուք առողջ եք, հիվանդ եք, բայց հաշմանդամության երրորդ կարգի համար չափանիշները չեն բավարարում: Ես էլ ասացի` եթե գտնում եք, որ հաշմանդամին կարգից, գումարից զրկելով` պետբյուջեն կլցնեք, զրկեք, ինձ հաճելի չէ հաշմանդամ լինել, բայց անարդարությունն ավելի տհաճ է»,- հուսահատված նկատեց քաղաքացին:

Ստացվում է` ՀՀ սոցապնախարար Արտեմ Ասատրյանի տիրապետության տակ գտնվող ԲՍՓ մասնագետների որակմամբ` տվյալ քաղաքացու սրտանոթային, երիկամների կամ ողնաշարի հետ կապված խնդիրները հինգ տարիների ընթացքում լուծվել են: Ինչու չէ` կարելի է նաև կարգից զրկել: Ահա սոցապնախարար Արտեմ Ասատրյանի «բարեփոխումները»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում