«Հրապարակ». Նախարարների մեծ մասն այս տարի ամփոփիչ ասուլիս չի տա

«Հրապարակ». Նախարարների մեծ մասն այս տարի ամփոփիչ ասուլիս չի տա

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Սովետի օրերից «բեմին վրա քալող», այսօր էլ կառավարության եզակի կին նախարար Հրանուշ Հակոբյանը մոտ օրերս ամփոփիչ ասուլիս կհրավիրի, կներկայացնի իր ոլորտի և անձամբ իր ձեռքբերումները: Նախարարների մեծ մասն այս տարի ասուլիս չի տա, այս պահի դրությամբ միայն Արծվիկ Մինասյանի տարեվերջյան ասուլիսի հայտարարությունն ենք ստացել։ Մինչդեռ անցյալում գրեթե բոլորը տարեվերջին ասուլիսներ էին հրավիրում։

Խախտո՞ւմ եք ավանդույթը՝ հարցրինք կառավարության մամլո ծառայության ղեկավարին։ «Չենք խախտում, բնապահպանության նախարարը ևս տարեվերջյան ասուլիս կտա։ Բոլոր դեպքերում, տնտեսական տարին ավարտվում է հունվարին, երբ ունենում ենք տարվա ընդհանուր պատկերը թվերով, և նախարարների հիմնական մասն ասուլիսներով հանդես կգա այդ ժամանակ»,- ասաց Արամ Արարատյանը:

Հիմա ավելի տպավորիչ թվեր ունեք. Կարայանը չտեսնված-չլսված` 7 տոկոս աճ է ներկայացրել, հույս ունեք մեկ ամիս հետո ավելի՞ մեծ թվեր «ունենալ», մանավանդ որ ապրիլը` վարչապետի ընտրությունը, քթի տակ կլինի: «Ես արդեն ասացի, թե ինչու հունվարին, և ապա` կցանկանայի հիշեցնել, որ տնտեսական բլոկի, և ոչ միայն, նախարարներն ամփոփիչ ասուլիսներով հանդես են եկել հոկտեմբերին` ընդամենը երկու ամիս առաջ»»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում