Անցնող տարին Իրանի համար աչքի ընկավ տարածաշրջանում սեփական ազդեցությունը էապես մեծացնելու տեսանկյունից
Նմանատիպ
Իրանի համար տարին բավական հագեցած էր թե ներքաղաքական գործընթացների, եւ թե արտաքին քաղաքականության տեսանկյունից: «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանն ասաց, որ 2017 թվականին կայացան Իրանի նախագահական ընտրությունները, որոնք կարելի է ասել, որոշակի քննություն էին գործող Ռոհանիի քաղաքական կուրսի համար: «Վերջինս նախաձեռնել էր արեւմուտքի հետ հարաբերությունների վերանայում, ինչը հնարավոր դարձրեց միջուկային գործարքի ստորագրումը եւ նախագահական ընտրությունները, կարծես թե, վստահության քվե էր հենց նախագահ Ռոհանիին, որ անհրաժեշտ է շարունակել նույն քաղաքական կուրսը»,-ասաց նա:
Մինասյանի խոսքով`2017-ը Իրանի համար աչքի ընկավ տարածաշրջանում սեփական ազդեցությունը էապես մեծացնելու տեսանկյունից: «Տարեվերջին Իրանի նախագահը հայտարարեց, որ ԻՊ-ի նկատմամբ հաղթանակ է արձանագրվել եւ դա միանշանակ նաեւ Իրանի հաջողությունն էր: Իրանի ակտիվացմանը խթան հանդիսացան նաեւ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական ակտերը, որը իրանական ղեկավարության համար որոշակի հնարավորություններ ստեղծեց առավել ակտիվ դրսեւորել իրեն, մասնավորապես Սիրիայում եւ Իրաքում»,-ասաց բանախոսը:
Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, Նարեկ Մինասյանն ասաց, որ դրանք բարձր մակարդակի վրա են: «Հատկանշական է նաեւ, որ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Ռոհանիի երդմնակալության արարողությանը, ինչը քաղաքականապես բավական կարեւոր էր: Ռոհանիի կողմից առաջ քաշված Պարսից ծոց եւ Սեւ ծով նախագիծը եւս լուրջ աջակցություն ստացավ նախագահ Սարգսյանի կողմից,եւ դա ակտիվ քննարկման եւ իրականացման փուլում է: Արդեն իսկ գործարկվել է մուլտիմեդալ փոխադրումների տարբերակը եւ հետագայում հնարավոր են նաեւ նոր զարգացումներ այդ ուղղությամբ»,-հավելեց նա:
Խոսելով Իրան-Հայաստան երկաթգծի մասին, `«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավարը նշեց, որ այդ նախագծի հետ կապված լուրջ վերանայումներ են պետք: «Տվյալ նախագիծն ունի բավական լուրջ քաղաքական կարեւորություն Հայաստանի համար, եւ տվյալ նախագծի կյանքի կոչման պարագայում պետք է առաջնորդվել ոչ թե տնտեսական նպատակահարմարությամբ, այլ քաղաքական նպատակահարմարությամբ եւ այն հանգամանքը, որ արդեն 2009 թվականից մինչ այսօր որեւէ ռեալ քայլ այդ ուղղությամբ չի կատարվել,կարծում եմ, որոշակի թերացումների մասին է վկայում»,-նշեց Մինասյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում