Հաջորդ տարվա բյուջեի արտաքին փոխառությունների զգալի մասը կուղղվի էներգետիկ ոլորտին

Հաջորդ տարվա բյուջեի արտաքին փոխառությունների զգալի մասը կուղղվի էներգետիկ ոլորտին

Հայաստանի արտաքին փոխառությունները գալիք տարում կկազմեն 411 միլիոն դոլար, որից 307.3 միլիոն դոլարը կուղղվի ՀՀ արտաքին պարտքի սպասարկմանը: Սա ամփոփված է ՀՀ ֆինանսների նախարարության «2018 թվականի փոխառությունների ծրագրում»:

Նշյալ արտաքին փոխառու միջոցներից 99 միլիոն դոլարը կամ 48 միլիարդ դրամը կուղղվի բյուջետային աջակցության ծրագրերին, իսկ 312 միլիոն դրամը կամ 151 միլիարդ դրամը` նպատակային ծրագրերին: Պարտքի սպասարկման համար ծրագրված 307.3 միլիոն դոլարից 144 միլիոնը կուղղվի արտաքին վարկերի գծով մայր գումարի մարմանը, 97.5 միլիոն դոլարը` վարկերի գծով տոկոսավճարներին, 65.8 միլիոն դոլարը արտարժութային պարտատոմսերի սպասարկմանը:

Հաջորդ տարվա արտաքին փոխառությունների կառուցվածքում 30.5 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին (125 միլիոն դոլար), 26.1 տոկոսը` Ասիական զարգացման բանկին (107 միլիոն), 14.8 տոկոսը` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (61 միլիոն դոլար), 12.9 տոկոսը Գերմանիայից (53 միլիոն), 4.3 տոկոսը` Եվրոպական ներդրումային բանկից (18 միլիոն), 2.8 տոկոսը`Ֆրանսիայից (12 միլիոն), 8.5 տոկոսն այլ վարկատուներից:

Փոխառությունների ամենամեծ մասը` 150 միլիոն դոլարը կուղղվի էներգետիկ ծրագրերի իրականացմանը, որից 114 միլիոն դոլարը Հայկական ատոմակայանի վերականգնման ծրագրին: Ճանապարհաշինության ոլորտին կհատկացվի 73 միլիոն դոլար, որից «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացմանը կուղղվի 34 միլիոն դոլար: Ոռոգման համակարգերի արդիականացման համար նախատեսված է 34 միլիոն դոլար, կրթական և սոցիալական ծրագրերին`28 միլիոն դոլար, ջրամատակարարման համակարգին`8 միլիոն դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում