Քաղաքական բանավեճերը չպետք է խանգարեն տնտեսական գործընթացներին

Քաղաքական բանավեճերը չպետք է խանգարեն տնտեսական գործընթացներին

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը անցնող տարին դրական է գնահատում Եվրասիական տնտեսական միության համար: Նրա խոսքով՝ այս մասին փաստում են միության բոլոր անդամ երկրների ներկայացուցիչների դրական հայտարարությունները:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն իր ասուլիսի ժամանակ արձանագրել էր, որ տարին բացառիկ հաջող էր այն իմաստով, որ հնարավոր է եղել վերջապես կասեցնել անկման գործընթացները բոլոր ասպարեզներում: Սա հիմք է տվել մի շարք փորձագետներին ասելու, որ 2018 եւ 2019 թվականները ԵԱՏՄ-ի համար կարող են լինել թռիչքաձև զարգացման տարիներ»,- ասաց նա:

Արամ Սաֆարյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահը դեռևս նախորդ տարի խոսել էր այն մասին, որ տնտեսական լուրջ հաջողություններ արձանագրելու համար Հայաստանին 7 տոկոս տնտեսական աճ է անհրաժեշտ:

«Եվ սա պատահական թիվ չէ: Հենց այդ 7 տոկոսն է Հայաստանի համար ապահովելու զարգացում, որը… հասկանալի պետք է լինի սոցիալ-տնտեսական վիճակի, աշխատավարձերի բարձրացման առումով: Դրա համար անհրաժեշտ է, որ մենք մի քանի տարի ունենանք 7 տոկոս տնտեսական աճ»:

Արամ Սաֆարյանի համոզմամբ՝ դրական միտումների շարունակականության համար կարեւոր է երկրում քաղաքական կայունությունը: Նա ընդգծեց, որ քաղաքական բանավեճերը չպետք է խանգարեն տնտեսական գործընթացներին, եւ բացի այդ, երկրում պետք է լինի քաղաքացիական համերաշխություն:

«Գալիք տարում մենք մի քանի կարեւոր իրադարձություններ ենք ունենալու, որոնք պետք է ճիշտ օգտագործվեն՝ Հայաստանի միջազգային իմիջը բարձրացնելու համար»,- եզրափակեց Արամ Սաֆարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում