ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը և ՌԴ 102-րդ ռազմաբազան համագործակցության պլան են ստորագրել

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը և ՌԴ 102-րդ ռազմաբազան համագործակցության պլան են ստորագրել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 26-ին կայացել է նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի միջև համագործակցության պլանի ստորագրման պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հավելելով. «Պլանը ստորագրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօերն, գեներալ-մայոր Մ.Ղազարյանի և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի զորամասի հրամանատար գնդապետ Վ.Ելկանովի կողմից:

Համագործակցության պլանով նախատեսված է ապահովել տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների ծագման կամ ծագման վտանգների մասին ազդարարում և տեղեկատվության փոխանակում, համատեղ ուսումնավարժությունների անցկացում, վթարավերականգնողական փրկարարական աշխատանքների կազմակերպում և արտակարգ իրավիճակներում տուժածների կենսագործունեության ապահովման միջոցառումների իրականացում:

Համագործակցության պլանի խնդիրներից է նաև քիմիական, կենսաբանական և ճառագայթային վարակների ենթարկված տարածքների բացահայտումը, սանիտարական միջոցառումների, արտակարգ իրավիճակներից հետո վերականգնողական միջոցառումների համատեղ իրականացումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում