ԱԱԾ. իսկապես կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստան

ԱԱԾ. իսկապես կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստան

Ինչպես արդեն նշել էինք, վստահելի աղբյուրից տեղեկություն էինք ստացել օրեր առաջ ուժային կառույցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հատուկ գործողություն իրականացնելու և մեր երկիր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի մուտքը կանխելու մասին, գրում է Առավոտ-ը:

Կատարվածի մանրամասները պարզելու համար դիմել էինք ԱԱԾ, որտեղից այսօր հաստատել են մեր տեղեկությունը՝ հայտնելով, որ «ԱԱԾ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իսկապես կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստանի Հանրապետություն»:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու պատճառաբանությամբ ԱԱԾ-ն դեպքի հետ կապված այլ մանրամասներ չի հայտնել, բայց և տեղեկացրել է, որ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների մասին հավաստի տեղեկություններ ստանալու դեպքում կանխարգելիչ նման միջոցառումներ մշտապես են իրականացնում:

Մասնավորապես, միայն 2017թ. ընթացքում հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում արգելվել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր առնչության մեջ կասկածվող այլ պետության 960 քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն, ևս 95 օտարերկրացի վերցվել է սահմանային վերահսկողության՝ հատուկ հետախուզման ռեժիմով: ԱԱԾ-ից հայտնել են նաև, որ Հայաստանի տարածք միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների ներթափանցումը նախականխելու նպատակով Ազգային անվտանգության մարմիններն ակտիվ համագործակցում են այլ պետությունների գործընկեր ծառայությունների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում