Ռաֆայել Իսախանյան. «Ստի վրա հենված ոչ մի նախաձեռնություն չի կարող հաջողությամբ պսակվել»

Ռաֆայել Իսախանյան. «Ստի վրա հենված ոչ մի նախաձեռնություն չի կարող հաջողությամբ պսակվել»

Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռաֆայել Իսախանյանը, որին ադրբեջանցիները փորձել են ներգրավել այսպես կոչված խաղաղության պլատֆորմի մեջ, բացահայտում է հակառակորդի հերթական ստերը։ Voskanapat.info-ի հետ զրույցում նա հայտարարել է, որ իրականում ոչ թե ադրբեջանցիներն են հեռացրել նրան այդ կառույցից, այլ ինքն է հրաժարվել մասնակցել Բաքվի կեղծիքի քաղաքականությանը։

Պարոն Իսախանյան, ադրբեջանցիների կողմից նախաձեռնված այսպես կոչված «Խաղաղության քաղաքացիական հարթակի» (ԽՔՀ) ղեկավար խորհուրդը դեկտեմբերի 25-ին նիստ է անցկացրել, որի ընթացքում որոշվել է Ձեզ հեռացնել կառույցից։ Ո՞րն է նման որոշման պատճառը, ինչպե՞ս կմեկնաբանեք այն։

Անկեղծ ասած, նման «որոշումն» ինձ չի զարմացնում։ Ինչու՞ եմ «որոշում» բառը վերցնում չակերտներում, որովհետև դա ամենևին էլ ադրբեջանցիների որոշումը չէր։ Ես ինքս արդեն տեղեկացրել էի իրենց, որ նման նպատակներով և կանոնադրությամբ կազմակերպության մեջ անելիք չունեմ։ Հայկական լրատվամիջոոցներին տրված հարցազրույցից հետո, որտեղ հայտարարել էի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության այսպես կոչված հարթակի կանոնադրությանն ի սկզբանե ծանոթ չէի և որ ես կարծում էի, թե ադրբեջանցիներն ինձ առաջարկում են վերսկսել տարիներ առաջ սկսված և կիսատ թողած մի ծրագիր, որը վերաբերվում էր Ռուսաստանի տարածքում հայ և ադրբեջանցի գործարարների համագործակցությանը, ինձ սկսել են զանգել այս հարթակի ադրբեջանցի ներկայացուցիչները և համոզել, որ մնամ այդ կառույցում, լինեմ դրա համանախագահը և միասին աշխատենք։ Ես, իհարկե, խաղաղության կողմնակից եմ, բայց այդ կառույցի կանոնադրությունը որևէ առնչություն չունի հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության հասնելու իրական ուղիների հետ։ Դա հակահայկական քարոզչություն է, որն ադրբեջանցիները փորձում են իրականացնել հենց հայերի շուրթերով՝ իհարկե մոլորեցնելով և խաբելով մեր հայրենակիցներին։

Ինչևէ, սկզբում ես փորձեցի բոլոր այս հարցերին կառուցողական ուղղություն տալ։ Առաջարկեցի ադրբեջանցիներին՝ Ռովշան Ռզաևին, Դիլյարա Էֆենդիևային, Օրհան Նաբիևին, փոխել հարթակի կանոնադրությունը, հանել այնտեղից պաշտոնական Բաքվի բոլոր քարոզչական թեզերը, հրաժարվել քաղաքական պահանջներից ու հայտարարություններից։ Մի խոսքով, առաջարկեցի իսկապես խաղաղությունից խոսել։ Բայց ցավոք, նրանց նպատակը այլ է, և ես չէի կարող մնալ խաբեության այդ կառույցում։

Պարոն Իսախանյան, ադրբեջանցիները մերժեցին բոլո՞ր Ձեր առաջարկները, թե՞ այնուամենայնիվ ինչ-որ բաների հետ համաձայն էին։

Գործնականում նրանք մերժեցին ամեն ինչ։ Ինձ ասացին, որ կանոնադրության մեջ փոփոխություններ կարող է անել միայն այսպես կոչված հարթակի համաժողովը, որը մեկ տարի հետո պիտի կայանա։ Ուզում էին համոզել, որ մեկ տարի սպասեմ, ինչը, իհարկե, բացառված էր։ Նրանց նպատակներն ինձ այլևս միանգամայն պարզ են։

Բայց զվարճալի մի փաստ իմ աչքից չվրիպեց։ Այն, որ ադրբեջանական կողմն այնուամենայնիվ փոփոխել է այսպես կոչված հարթակի կանոնադրությունը։ Բնականաբար՝ չսպասելով նոր համաժողովին։ Իրենք կանոնադրությունից հանել են նույն այն կետը, որը արգելում էր Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռովշան Ռզաևին լինել այդ կառույցի համանախագահ։ Դրա մասին ես խոսել եմ իմ նախորդ հարցազրույցի ժամանակ՝ մատնանշելով, որ իրենք խախտել են իրենց իսկ կողմից գաղտնի ընդունված կանոնադրության կետերից մեկը։ Հիմա դա արդեն շտկվել է։ Այսպես կոչված հարթակի կանոնադրության մեջ այլ փոփոխություններ էլ են արել ադրբեջանցիները։ Ինչպես տեսնում ենք, դրա համար նրանց նոր համաժողով պետք չի եկել։ Իսկ ահա իմ առաջարկները, փաստորեն մերժվել են։ Իրենց գործն է։ Ես միայն կարող եմ ասել, որ ստի վրա հենված ոչ մի նախաձեռնություն երբեք չի կարող հաջողությամբ պսակվել։ Այդ էջն ինձ համար այլևս փակված է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում