Անցնող տարին առանձնացավ կլիմայական անոմալ երևույթներով

Անցնող տարին առանձնացավ կլիմայական անոմալ երևույթներով

2017 թվականը կլիմայական առումով արտառոց տարի էր: Ամփոփելով կլիմայական տարին՝ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նշեց, որ ընթացիկ տարվա հունվար, փետրվար և մարտ ամիսներին գրանցվեց անոմալ ցուրտ եղանակ, երբ հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր էր 8-10 աստիճանով:

«Այնուհետև դրան հաջորդեցին աննախադեպ շոգ երաշտային պայմաններով ամառային ամիսները, հատկապես հուլիսը, օգոստոսը, երբ հանրապետության գրեթե բոլոր մարզերում արտառոց շոգ եղանակ էր: Գրանցվեց բարձր ջերմաստիճան՝ Արարատի մարզում ջերմաստիճանը հասավ +42,6 աստիճանի: Եղան բազմաթիվ անտառային հրդեհներ, որոնք պայմանավորված էին երաշտով, անձրևազուրկ օրերով: Հիմա էլ դրան հաջորդեց անոմալ տաք դեկտեմբերը»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Նա նկատեց, որ ընդամենը ապրիլ, մայիս, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին են օդի ջերմաստիճանը և տեղումները եղել նորմայի սահմաններում, մնացած ամիսները կլիմայական նորմայից շեղված են եղել մոտ 5-7 աստիճանով:

Խոսելով դեկտեմբեր ամսվա կլիմայական փոփոխություններից` Գագիկ Սուրենյանը նշեց, որ դեկտեմբերի 15-ից սկսած անոմալ բարձր ջերմային ֆոն է գրանցվել:

«Ջերմաստիճանը հատկապես բարձր էր դեկտեմբերի 20-24 –ն ընկած ժամանակահատվածում, այդ օրերին անձրև էր տեղում նույնիսկ այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 2000 և ավելի մետր բարձրության վրա, մասնավորապես, Աշոցքում, Ջերմուկում: Դա դեկտեմբերի վերջի համար անոմալ պրոցես է: Այդ օրերին օդի ջերմաստիճանը կլիմայական նորմերից բարձր է եղել 10-15 աստիճանով»,-հավելեց Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ մի անոմալ երևույթ էլ նկատվեց դեկտեմբերի 23-ին, երբ Մեղրի-Կապան հատվածում ջերմաստիճանը բարձրացավ և հասավ +20… +23 աստիճանի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում