Մարզական 2017. hաղթանակների, կորուստների և նոր նվաճումների տարի

Մարզական 2017. hաղթանակների, կորուստների և նոր նվաճումների տարի

Տարվա վերջին օրերին փորձում ենք վերհիշել անցնող տարվա մեր ձեռքբերումների, բացթողումների, տեսածի և չտեսածի, գտածի և կորցրածի մասին, նոր հետևություններով խոստանում ենք սկսել նոր տարին` ազատվելով հին սխալների կրկնությունից: Այս տարին հայ մարզիկներին մի նոր փորձ տվեց, բայց և ստիպեց հարգանքով ընդունել պարտությունը, խոսել հաղթողի լեզվով և լռել պարտության լռությամբ:

Հունվար, փետրվար, մարտ

Անցնող մարզական տարվա առաջին ձեռքբերումը փետրվարի սկզբին էր: Դահուկասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Միքայելյանը բրոնզե մեդալ նվաճեց Ունիվերսիադայում: Սերգեյը ազատ ոճ 10 կմ մրցատարածությունը հաղթահարեց 27.04-ում:

Բասկետբոլի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց խորվաթ մասնագետ Նիկշա Բավցևիչը:

Հրաձգության հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող: Արթուր Թովմասյանը 15.133 միավորով գրավեց առաջին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի: Իսկ Արթուր Դավթյանը դարձավ բրոնզե և արծաթե մեդալակիր տարբեր վարժություններում:

Ապրիլ, մայիս, հունիս

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները բազմաթիվ մեդալներ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում: Սոնա Պողոսյանը (75 կգ), Տաթև Հակոբյանը (90 կգ) դարձան բրոնզե, Գոռ Մինասյանը (105+)` արծաթե, Ռուբեն Ալեքսանյանը` բրոնզե, Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) ոսկե մեդալակիրներ:

Մարմնամարզության հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ազատ ոճային ըմբիշներ Վոլոդյա Ֆրանգուլյանը, Գրիգոր Գրիգորյանը, Լևան Բերիանիձեն և Գեորգի Կետոևը դարձան Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս նվաճեց բրոնզե մեդալ:

Ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող: Հայ կիսապաշտպանը եզրափակիչում դարձավ գոլի հեղինակ, այնուհետև ճանաչվեց եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաշալի հաղթանակ տոնեց շախմատի պատմության մեջ ամենաուժեղ մրցաշարերից մեկում` Norway chess-ում:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը տարիների ընդմիջումից հետո դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մրցեց անգլիացի Լյուկ Մաքկորմակի հետ և հաղթեց 5:0 հաշվով:

Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր

Բասկետբոլի կանանց Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության եզրափակիչում Հայաստանի ընտրանին 63-44 հաշվով հաղթեց Մալթայի հավաքականին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Իսկ բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակիչում հաղթեց Ջիբրալթարի հավաքականին և նվաճեց չեմպիոնի կոչումը:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Փարիզում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում Ալեքսանյանը 3:1 հաշվով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևին: Աշխարհի չեմպիոն դարձավ նաև 80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր: 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Ունիվերսիադայի ոսկե մեդալը: Ոսկե մեդալ նվաճեց նաև գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը:

Իսկ մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը դարձավ Ունիվերսիադայի չեմպիոն:

Ըմբիշներ Լևան Բերիանիձեն և Գեորգի Կետոևը դարձան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ:

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը տուն բերեց աշխարհի գավաթը՝ միևնույն ժամանակ դառնալով շախմատի պատմության միակ շախմատիստը, ով դարձել է աշխարհի կրկնակի գավաթակիր:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը որակազրկվեց մեկ տարով և կորցրեց իրավունքը մասնակցելու աշխարհի առաջնությանը:

Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր

Ծանրամարտի հավաքականների անդամներ Սոնա Պողոսյանը, Արփինե Դալալյանը, Կարուշ Ղուկասյանը, Անդրանիկ Կարապետյանը, Գոռ Մինասյանը, Սիմոն Մարտիրոսյանը դարձան Եվրոպայի երիտասարդների չեմպիոններ:

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:

Շախմատիստ Մանուէլ Պետրոսյանը դարձավ աշխարհի Մ 20 տարեկան պատանիների առաջնության փոխչեմպիոն:

2017 թվականի լավագույն 10 մարզիկներ ճանաչվեցին Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը, Լևոն Արոնյանը, Գրիգոր Մխիթարյանը, Մաքսիմ Մանուկյանը, Հովհաննես Բաչկովը, Սիմոն Մարտիրոսյանը, Էդգար Ստեփանյանը, Արթուր Թովմասյանը, Տիգրան Կիրակոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում