Անցնող տարվա քաղաքական գնահատականն՝ ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի

Անցնող տարվա քաղաքական գնահատականն՝ ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի

Ամփոփելով անցնող՝ 2017 թվականը, Արարատ ՀԸ եթերում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ներքաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձություններից առանձնացրեց խորհրդարանական ընտրությունները։ «Այս առումով գլխավոր ձեռքբերումն այն է, որ ձևավորվել է խորհդարան, որը մի քանի ամիս անց ստանձնելու է երկրի կառավարումը։ Հանրային ընկալման առումով այս ընտրությունները տարբերվում են խորհրդարական մյուս ընտրություններից նրանով, որ մարդիկ գիտակցում էին, որ ընդամենը Խորհրդարան չեն ընտրում, այլ նաև իշխանություն, որը միայն օրենսդրական գործունեություն չէ, որ ծավալելու է»։

Արցախի հարցի վերաբերյալ միջազգային հայամետ ընկալումների տեսանկյունից ևս 2017-ն արդյունավետ գնահատեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով հատկապես 2016թ. Ադրբեջանի բացթողումները՝ առանձնապես Ապրիլյան պատերազմը, Վիեննայում և Սանկտ-Պետերբուգում ձեռք բերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարվելը մեր կողմից քաղաքական գործոն դարձնելը։ «Միջազգային հանրությանը պարզ հասկացվեց, թե ինչու մեզ չի հաջողվում խաղաղություն բերել տարածաշրջան։ Ու նաև մենք կարողացանք խստացնել բանակցային դիրքորոշումը, ինչը ընկալելի է դառնում միջազգային հանրության համար, իսկ դա լուրջ ձեռքբերում է»։

Այնուհետև անդրադառնալով հաջորդ՝ 2018-ին, Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններին՝ քաղաքագետը չբացառեց առանց խոչընդոտների ընտրական գործընթացի անցկացումն այդ երկրում՝ ուշադրություն հրավիրելով երկու՝ Փաշաևների ու Նախիջևանյան կլանների միջև հետզհետե սրվող մրցակցության, զինված ուժերում առկա լարվածության ու մի շարք այլ խնդիրների վրա։ Այդուհանդերձ, սակայն, Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է՝ Ալիևն ունի իշխանությունը պահելու պոտենցիալ։

Այս ամենի մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում