Հայաստանը շահագրգռված է ունենալ այլընտրանքային ճանապարհներ

Հայաստանը շահագրգռված է ունենալ այլընտրանքային ճանապարհներ

Վրաստանի հետ հարաբերությունները հատուկ կարևորություն ունեն Հայաստանի համար. Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի Վրաստանի հետ փոխշահավետ համագործակցությունն առավել խորանա, ամրապնդվի և ընդլայնվի: «Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Եվ Հայաստանի Հանրապետության Նախագահի վերջին այցելությունը Վրաստան, հանդիպումները, որոնք Հանրապետության Նախագահն ունեցավ Թբիլիսիում, ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ նույն մոտեցումն ունի նաև Վրաստանի ղեկավարությունը»,- ասել է Նալբանդյանը:

Անդրադառնալով Վրաստանի վարչապետի հայտարարությանը, թե որ ֆորս-մաժորային իրավիճակներում (վերին Լարսի անցակետի փակման մասին է խոսքը), Հայաստանը կարող է օգտվել Հարավային Օսիայի և Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից` Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը, ինչպես և որևէ այլ երկիր, իհարկե շատ շահագրգռված է ունենալ այլընտրանքային ճանապարհներ: «Հատկապես Հայաստանի համար, երբ մեր որոշ հարևաններ փորձում են ինչ-որ խոչընդոտներ առաջ բերել, հենց այս ճանապարհային կոմունիկացիաների իմաստով, բնականաբար, մենք շատ շահագրգիռ ենք: Սա գործընթաց է, ու ես կնախընտրեի առաջ չընկնել և հայտարարություններ չանել: Տեսնենք՝ ինչպես կզարգանա, և ըստ արդյունքների արդեն կդատենք: Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետ պարոն Կվիրիկաշվիլիի հայտարարությանը, ապա մենք խորը հարգանքով ենք վերաբերում Վրաստանի վարչապետի հայտարարություններին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Էդվարդ Նալբանդյանն այն կարծիքին է, որ ոչ միայն չկա որևէ հարց, որի շուրջ Հայաստանը և Վրաստանն անկեղծ չխոսեն, այլև երկու երկրների միջև չկան խնդիրներ: «Մենք հարևան երկրներ ենք. կան հարցեր, որոնք մենք փորձում ենք լուծել համատեղ ջանքերով և իսկապես տրամադրվածությամբ ու ցանկությամբ առաջ տանել, ամրապնդել և խորացնել մեր համագործակցությունը»,- եզրափակել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում