Իրանի խորհրդարանի հայ պատգամավորը երկրում իրավիճակը հանգիստ և վերահսկելի է համարում

Իրանի խորհրդարանի հայ պատգամավորը երկրում իրավիճակը հանգիստ և վերահսկելի է համարում

Իրանում ներկայում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:

«Ցույցերի ակտիվությունը մարել է, առերևույթ հավաքներ, բողոքի ցույցեր չկան, իրավիճակը հանգիստ է ու վերահսկելի: Գիտեք, այս խնդիրներն առաջացան` կապված սոցիալ-տնտեսական հարցերի հետ: Դրան գումարվեց քաղաքական վեկտորը, ինչը դրսի ուժերի ազդեցության հետևանք է»,-ասաց Կարեն Խանլարյանը:

Հայազգի պատգամավորի խոսքով` հասարակության շրջանում առկա դժգոհությունը հիմք ունի, երկրում իրապես սոցիալ-տնտեսական խնդիր կա: Դա առաջացավ նաև Իրանի նկատմամբ անարդարացիորեն տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հետևանքով:

«Իրանում բողոքներ վերջին տարիներին միշտ էլ եղել են: Ես ականատես եմ եղել, որ խորհրդարանին հարող փողոցներում, հրապարակներում տարբեր խմբեր տնտեսական, սոցիալական հարցերով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Այս անգամ բողոքի ակցիաներին մի քիչ քաղաքական բնույթ հաղորդվեց, ինչն արտառոց էր: Այժմ բոլորը մտահոգված են, փորձում են առկա հարցերին լուծումներ տալ, որ նման իրավիճակ չկրկնվի»,-ասաց Կարեն Խանլարյանը:

Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա Կարեն Խանլարյանը նշեց, որ յուրաքանչյուրն ազատ իր տեսակետն է արտահայտում: Տնտեսական հարցերն առնչվում են Իրանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում հայերին:Նրա խոսքով՝ Իրանի նկատմամբ գործադրվող այդ նույն տնտեսական պատժամիջոցների արդյունքում զգալիորեն տուժեց Իրանի շատ քաղաքացիների, այդ թվում հայերի փոքր և միջին բիզնեսը:

«Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հույս ներշնչեցին, որ պատժամիջոցները կվերացվեն, տնտեսական իրավիճակը կբարելավվի, սակայն տեսնում ենք, որ ԱՄՆ-ն ոչ միայն չի ցանկանում մեղմացնել, այլ փորձում է ավելացնել պատժամիջոցները»,-հավելեց պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում