Տնտեսագետները գնաճի մեղմման գործում մեծապես կարևորում են պետության վերահսկողական գործառույթի իրականացումը

Տնտեսագետները գնաճի մեղմման գործում մեծապես կարևորում են պետության վերահսկողական գործառույթի իրականացումը

Տնտեսագետները գնաճի մեղմման գործում մեծապես կարևորում են պետության վերահսկողական գործառույթի իրականացումը, որպեսզի գնաճային սպասումները անբարեխիղճ տնտեսավարողների համար գների ուռճացման խթան չհանդիսանան:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ` գնաճի կանխատեսում իրականացվում է տարբեր գործիքներով և մեթոդներով, ինչը, մասնավորապես Կենտրոնական բանկը, վերջին տարիներին իրականացնում է առավել հավասարակշիռ ձևով: «Մենք պարտավոր ենք նայել տնտեսության իրական հատվածին, հասկանալ, թե տնտեսության մեջ ինչ միտումներ կան, որոնք գնաճի են հանգեցնում արդեն ներքին գործոններով պայմանավորված: Որովհետև իրականում կան բազմաթիվ գործոններ, որոնց վրա մենք գրեթե ազդեցություն չենք կարողանա ունենալ` բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին ներմուծողներ ոչ միայն շահույթ են ստանում, այլև գերշահույթ, և սա պետք է զսպել պետության վերահսկիչ գործառույթներով»,-ասաց Թաթուլ Մանասերյանը:

Այնուամենայնիվ, տնտեսագետի խոսքով` զսպման մեխանիզմները բավական սահմանափակ են: «Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականությամբ է փորձում վերահսկել, կան նաև պետական մարմիններ` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և այլ կառույցներ, որոնք պետք է գնաճի ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկեն»,-հավելեց նա:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ևս համամիտ է, որ կառավարությունը մասամբ կարող է հակազդել գնաճի ազդեցություններին: Նա հավելեց, որ Կենտրոնական բանկի կողմից զսպող քաղաքականություն իրականացնելու լուրջ հիմքեր դեռևս չի տեսնում: «2017-ի արդյունքներով գնաճն ավելի ցածր է, քան կանխատեսված 4 ± 1.5 տոկոսն է: Դեռ պաշտոնական թվերը չկան, բայց գնաճը 2.5-2.7 տոկոսի սահմաններում կարող է ամփոփվել 2017-ի համար: Այո, հարկային օրենսդրության փոփոխություններով բարձրացել է վառելիքի, սպիրտային խմիչքների, բենզինի ակցիզային հարկը, դիզվառելիքն անցել է հաստատագրված վճարի համակարգի, այո, գները որոշակիորեն բարձրացել են, բայց ընդհանուր ազդեցությունն այս ապրանքախմբերի զամբյուղի վրա 0.92 տոկոս է: Դրանից ստեղծել խնդիր ու գնաճային սպասումներ առաջացնել, նպատակահարմար չեմ համարում»,-նշեց Ատոմ Մարգարյանը:

Ինչ վերաբերում է խոցելի խմբերի սուբսիդավորմանը, ապա, ըստ Թաթուլ Մանասերյանի, այստեղ հարցը բարդանում է, քանի որ իրատեսական չէ բնակչության մի ստվար հատվածի սուբսիդավորել տարբեր ապրանքատեսակների ուղղությամբ: «Քանի դեռ տնտեսության իրական հատվածը լուրջ աշխուժացում չի ապահովում և չի զարգանում տնտեսությունը, այս պայմաններում այնքան իրատեսական չէ բնակչության կեսին սուբսիդավորելը… Դա կարելի է անել առանձին դեպքերում, ասենք՝ գազի դեպքում, եթե սակագինը վերանայվի, այո, կարելի է թիրախավորել խոցելի խմբերին, բայց ոչ բոլոր ապրանքատեսակների մասով»,-նշեց տնտեսագետը:

Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ, եթե գնաճը գերազանցի 4 տոկոսը, սուբսիդավորման որոշակի քաղաքականություն պետք է կիրառվի գների նկատմամբ: «Ենթադրենք սեղմված գազի թանկացումը, որն ամենամեծ ազդեցությունն է ունենալու այդ 0.92 տոկոս գնաճի մեջ` կազմելով 0.35 տոկոս, բերի հասարակական տրանսպորտի թանկացման, պետությունը պետք է կիրառի սուբսիդավորման միջոցներ այն տրանսպորտային ընկերությունների նկատմամբ, որոնք հաստատված, հիմնավորված կներկայացնեն հիմքեր տրանսպորտային այդ ծառայությունների սակագները բարձրացնելու ուղղությամբ: Բայց, կարծում եմ, որ վառելիքի գների բարձրացումը սակագնի վրա էական ազդեցություն չպետք է ունենա: Երբ գազի սակագինն իջեցվեց, ըստ էության, տրանսպորտային ընկերությունները շահեցին, քանի որ ուղևորափոխադրման սակագնի իջեցում չեղավ»,-նշեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Նա չբացառեց նաև, որ գնաճային սպասումները հիմք են ստեղծում մասնավոր ընկերությունների կողմից ոչ բարեխիղճ գործունեություն ծավալելու և գների անհարկի բարձրացման համար: «Ցանկացած մասնավոր ընկերություն նպատակ ունի ոչ միայն շահույթ, այլև գերշահույթ ստանալ, թաքցնել եկամուտների մի մասը ու հարկեր չվճարել, մեր երկիրը բացառություն չէ այդ տեսանկյունից: Պետք է ուսումնասիրություն կատարել ու հասկանալ` այդ ընկերությունները բոլոր իրենց հաշիվնե՞ր են ցույց տալիս, թե՞ ոչ: Սա լուրջ թեմա է, թանկացումների գնալուց առաջ վաճառող և ծառայություն մատուցող խոշոր ընկերությունները պետք է մտածեն՝ արդյոք հիմնավորվա՞ծ են այդ բարձրացումները: Եթե այդպես է, խնդիր չկա, եթե` ոչ, արդեն այլ նորմեր կարող են կիրառվել»,-եզրափակեց Ատոմ Մարգարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում