Երգ, պար, ցուցահանդես. Ֆրանսիայում անցկացվում են Արցախի օրեր

Երգ, պար, ցուցահանդես. Ֆրանսիայում անցկացվում են Արցախի օրեր

Արցախի Հանրապետության տարբեր քաղաքների հետ բարեկամության համաձայնագրեր կնքած ֆրանսիական քաղաքներում անցկացվում են մշակութային բազմապիսի միջոցառումներ: Դրանք իրականացվում են Ֆրանսիայում Արցախի օրերի շրջանակում: Հերթը Մարսելի Լե Պեն Միրաբո քաղաքինն է, որն այս օրերին լցված է արցախյան մշակույթի շնչով: Ինչպես տեղեկացրեց Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով այս օրերին գտնվում է Մարսելում, բավական հագեցած ծրագիր է իրականացվում:

«Կայացավ ֆրանսահայ իրավաբան Ժիրայր Գերգերյանի «Լեռնային Ղարաբաղ. Անջատման և ինքնորոշման միջև» գրքի շնորհանդեսն ու քննարկումը: Մասնակցել եմ նաև ես, ներկայացրել եմ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատմությունը, ներկա իրավիճակը, Արցախի պետական ինստիտուտների առանձնահատկությունները և տնտեսական հաջողությունները»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Գրքի ներկայացմանը զուգահեռ կազմակերպվեց ֆրանսիացի լուսանկարչի աշխատանքների ցուցահանդես ` արցախյան թեմատիկայով: Միջոցառմանը ներկա էր քաղաքապետը` իր աշխատակազմով, ռեգիոնալ սենատոր, Ֆրանսիայում ԱՀ ներկայացուցիչը, հյուրեր, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Լե Պեն Միրաբո քաղաքում միջոցառումների մեկնարկը տրվել է հունվարի 6-ին, երբ կազմակերպվեց ընդունելություն տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, Ֆրանսիայի խորհրդարանի նախկին պատգամավորների, տարբեր գործիչների մասնակցությամբ: Հայկական երգ ու պարը ներկայացրեց Փարիզից հրավիրված հայկական մշակութային խումբը: Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ նախատեսում է հանդիպել տեղի հայ համայնքի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, որոնց հետ քննարկելու է համագործակցության մի շարք ծրագրեր:

Նշենք, որ Ֆրանսիայում Արցախի օրերի միջոցառումների մեկնարկը տրվել է նոյեմբերին, երբ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Ֆրանսիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում