Գագիկ Հարությունյանը ապրիլից հետո երկրի ղեկավար կազմում տեսնում է Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանին եւ Վիգեն Սարգսյանին

Գագիկ Հարությունյանը ապրիլից հետո երկրի ղեկավար կազմում տեսնում է Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանին եւ Վիգեն Սարգսյանին

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 2018 թվականի ապրիլից հետո պետք է շարունակեն իրենց գործունեությունը երկրի ղեկավար կազմում:

Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ խոսելով քաղաքական դաշտի հետագա զարգացումների մասին:

«Կարծում եմ՝ փոփոխություններն այդքան էլ նպատակահարմար չեն: 2018 թվականի ապրիլից հետո պետք է լինեն Սերժ Սարգսյանը իր քաղաքական, Կարեն Կարապետյանը իր տնտեսական հմտություններով, ինչպես նաեւ Վիգեն Սարգսյանը»,-ասաց նա:

Խոսելով տնտեսական ոլորտում գրանցած արդյունքներից՝ Գագիկ Հարությունյանը նշեց, որ ոլորտում բավականին առաջընթաց, միեւնույն ժամանակ նկատեց, որ չնայած արտահանման ծավալի աճին՝ ընդհանուր ապրանքների շարքում գրեթե բացակայում է գիտատար ուղղությունը:

«Սա հետեւանք է նրա, որ Հայաստանը գիտատեխնոլոգիական զարգացման հարցում էապես զիջում է հարեւաններին: Եվ սա այն պարագայում, երբ մեր հանրությունը մեծապես հետաքրքրված է հետազոտական աշխատանքով»,-ընդգծեց Գագիկ Հարությունյանը՝ այնուամենայնիվ, կարեւորելով օրինակ՝ արեւային էներգիայի կայանների ստեղծումը, «Big Data» կենտրոնի հիմնումը եւ այլն:

Անդրադառնալով Հայաստանի դիրքերին միջազգային հարթակում՝ Գագիկ Հարությունյանն ասաց, որ դրանք որոշակիորեն բարելավվել են, ինչում կարեւոր դեր ունեցավ նախորդ տարի նոյեմբերի 24-ին ԵՄ հետ կնքած համաձայնագիրը:

Գիտակրթական հիմնադրամի ղեկավարը նաեւ անդրադարձ կատարեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, որ դեռեւս չի կանխատեսում առաջընթաց, սակայն նաեւ չի տեսնում լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում