Քիչ կերեք, մինչև տեսնենք ինչ է լինում

Քիչ կերեք, մինչև տեսնենք ինչ է լինում

Այնպիսի տպավորություն է, որ գնաճի հետ կապված ցանկացած հարց իշխող կուսակցության մոտ առաջացնում է անհավասարակշիռ վիճակ, ինչն էլ հանգեցնում է ոչ ադեկվատ պատասխանների: Դեռ չէինք հասցրել մարսել Հակոբ Հակոբյանի և Խոսրով Հարությունյանի թանկացումների հետ կապված դարակազմիկ մտքերը, երբ հերթական խորհուրդով բոլորիս անակնկալի բերեց ՀՀԿ ֆրակցիայի քարտուղար՝ Գագիկ Մելիքյանը:

Պարոն Մելիքյանը թանկացումների հետ կապված լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում մարդկանց խորհուրդ է տվել զսպել ցանկությունները և իրենց առջև չդնել նպատակներ, որոնք մեծ ծախսեր են պահանջում:

Բնականաբար եթե մարդիկ բողոքեն, որ թանկացել են Սեյշելյան կղզիներում հանգստանալու ուղեգրերը և իշխանություններից պահանջեն գնանկում, ապա Գագիկ Մելիքյանի խորհուրդը տվյալ պահին ընդունելի կլինի ու հասկանալի:

Եվ իրոք, զսպեք ձեր ցանկությունները, մի մեկնեք Սեյշելյան կղզիներ, մինչև տեսնենք ինչ ենք անում: Բայց երբ մարդիկ բողոքում են, որ թանկանում է սննդամթերքը, վառելիքը…ապա այս դեպքում այդ խորհուրդը նմանվում է պարզապես քիչ կերեք ու քայլեք ոտքով հորդորին:

Պարոն Մելիքյանի հաջորդ խորհուրդը սոցիալապես խոցելի խավերի հացի խնդրի հետ կապված այն էր, որ պետք է ավելի շատ աշխատեն ու միայն շատ աշխատելով է հնարավոր հասնել նպատակների իրականացմանը: Այս դեպքում նույնպես տեղին է մեջբերել Սեյշելյան կղզիները: Եթե որևէ մեկը 100 000 դրամով պահում է իր ընտանիքը, սակայն մեծ ցանկություն ունի հանգստանալու այդ կղզիներում, ապա Գագիկ Մելիքյանն իրավացի է:

Ամեն մարդ իր ոտքը պետք է մեկնի իր վերմակի չափով ու պետության վրա մուննաթ չգա: Շատ ես ուզում մեկնել, խնդրեմ, բարի ճանապարհ: Վարկ վերցրու, պարտք արա, գտիր այլ աշխատանք, աշխատիր 3 հերթափոխով, հաց մի կեր, մի խմի ու քեզ բարի հանգիստ:

Սակայն, երբ մարդը աշխատում է օրական 18 ժամ, ստանում 100 000 դրամ ու այդ մարդու միակ նպատակն է, որպեսզի իր երեխաները պարզապես հաց ունենան (իշխող կուսակցությունից արդեն իմացել ենք, որ կարագն ու միսը պարտադիր չեն) ու այդ մարդուն խորհուրդ տալ ավելի շատ աշխատել, դա արդեն նմանվում է Տերն ու Ծառային:

Դա նույնն է, որ մեկը ուզենա տուն գնա, որովհետև արդեն մթնել է, Գագիկ Մելիքյանն էլ ասի, Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տես, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ինչ պակաս է լուս տալի…

Գագիկ Մելիքյանը միշտ զուսպ ու հավասարակշռված մարդու տպավորություն է թողել և գուցե նա այս խորհուրդները տվել է անկեղծ մտահոգությամբ, ինչպես ինքն է փորձում հավատացնել իր խոսքում: Սակայն քաղաքականությունը ոչ միայն գործի, այլև խոսելու արվեստ է: Իզուր չէ, որ ժամանակին հռետորությունը քաղաքական գործունեության կարևորագույն էլեմենտներից մեկն էր:

Իհարկե փոխվել են ժամանակները, փոխվել են նաև մոտեցումները, սակայն մի բան մնացել է անփոփոխ: Եթե խոսքը արծաթ է, ապա լռությունը՝ ոսկի, այնպես որ, եթե մարդը պետք է ինձ խորհուրդ տա, որպեսզի ես զսպեմ իմ ցանկությունները, այլ խոսքով քիչ ուտեմ, ապա այդ դեպքում լռությունն ավելի գերադասելի է:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում