Գագիկ Մակարյանն առաջընթաց է տեսնում կոռուպցիայի դեմ պայքարի և ստվերի կրճատման ոլորտներում

Գագիկ Մակարյանն առաջընթաց է տեսնում կոռուպցիայի դեմ պայքարի և ստվերի կրճատման ոլորտներում

Մասնավոր սեկտորում ձեռնարկությունների թիվն ավելացել է 7000-ով, որոնց շնորհիվ այս սեկտորում զբաղվածություն ունեցողների թիվը հասել է 330 հազարի՝ նախկինում 290 հազարի համեմատ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Թեթեւ հաշվարկները ցույց են տալիս, որ հնարավոր է, որ 2017 թվականի գործազրկության ցուցանիշը 18 տոկոսից նվազել է 1-2 տոկոսով, ինչը շատ կարեւոր թիվ է, սակայն պետք է նշեմ, որ աղքատությունը չի նվազել: Նախորդ տարի խթանվել են հիմնականում արդյունաբերական արտադրությունները, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ճյուղը: Բացի դրանից՝ նույնիսկ շինարարության մեջ կա շատ չնչին աճ՝ 0.3 տոկոսի, բայց դրական է, որ շինարարությունը վերակենդանացման ցուցանիշներ է ցուցաբերում»,- ասաց նա:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ նախորդ տարի էական առաջընթաց է գրանցվել ստվերի կրճատման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Նրա հավաստմամբ՝ թեեւ կառավարության նկատմամբ վստահության շատ քիչ աճ կա, սակայն կառավարությունը դեռ չի հասել ցանկալի մակարդակին: Մասնագետը նաեւ նշեց, որ ընթացիկ տարում չի կանխատեսում աղքատության՝ 30 տոկոս ցուցանշի նվազում:

«Աղքատության կանխարգելման համար առաջնային է զբաղվածության խթանման հրատապ գործողությունների ծրագրումը, սակայն չկան հրատապ մեխանիզմներ»,- ասաց Գագիկ Մակարյանը՝ շեշտելով, որ այդ հրատապ մեխանիզմների իրականացման շնորհիվ հնարավոր կլինի 2018 թվականին գործազրկության մակարդակը նվազեցնել շուրջ 9 տոկոսով:

Գագիկ Մակարյանը առանձնացրեց նաեւ զբոսաշրջության ոլորտը, ինչի զարգացումը նրա կարծիքով՝ նույնպես աղքատության կանխարգելման կարեւոր գործոն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում