Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարել է մշտադիտարկում իրականացնել բենզինի, գազի և դիզվառելիքի շուկաներում

Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարել է մշտադիտարկում իրականացնել բենզինի, գազի և դիզվառելիքի շուկաներում

Հայաստանում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով հրավիրված խորհրդակցության ավարտին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ Նախագահը կառավարությանը հանձնարարել է կազմել սոցիալապես կարևոր ապրանքների ցանկ:

Նախագահը հանձնարարել է շարունակաբար ուսումնասիրել այդ ապրանքների գների դինամիկան, ներկայացնել գնային փոփոխությունները պայմանավորող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, գնահատել դրանց թանկացման ռիսկերը և առաջարկել միջոցառումներ թանկացման ազդեցությունը մեղմելու նպատակով: Արդյունքները պարբերաբար ներկայացնել հանրությանը:

Նախագահ Սարգսյանը հանձնարարել է նաև առաջարկել գնաճի հետևանքների մեղմման տարբերակներ այն սոցիալապես կարևոր ապրանքների համար, որոնք հարկային կամ այլ օրենսդրական փոփոխությունների արդյունքում թանկացել են: Առաջին հերթին սոցիալապես կարևոր գյուղատնտեսական ապրանքների համար կմշակվի և կներկայացվի տեղական արտադրության զարգացման և ներմուծվող ապրանքների փոխարինման համալիր միջոցառումների ծրագիր, ինչը հնարավորություն կտա ապահովել գների հնարավորինս մատչելի մակարդակ՝ միևնույն ժամանակ խրախուսելով տեղական արտադրությունը:

Օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելիս, որոնց արդյունքում հնարավոր են սոցիալապես կարևոր ապրանքների գների էական փոփոխություններ, կառավարությունը պետք է զուգահեռ մշակի միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն այդ գնաճի հետևանքների մեղմմանը: Կառավարությանը հանձնարարվել է նաև մշտադիտարկում իրականացնել սեղմված գազի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում և հայտնաբերված խնդիրները փոխանցել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ կտրուկ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առաջարկվել է՝ բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաներում գների անհիմն բարձրացման դեպքերում ձեռնարկել կտրուկ միջոցներ, ուսումնասիրել հացահատիկի և ալյուրի շուկաներում գնագոյացումը և խնդիրների առկայության դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում