ՀՀ Նախագահի հանձնարարականների հետքերով. ՏՄՊՊՀ-ն սկսել է գնագոյացման ուսումնասիրությունները

ՀՀ Նախագահի հանձնարարականների հետքերով. ՏՄՊՊՀ-ն սկսել է գնագոյացման ուսումնասիրությունները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը արդեն սկսել է գնագոյացման ուսումնասիրությունները հացահատիկի և այլուրի շուկաներում: Այս մասին տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը` հիշեցնելով, որ մրցակցային մարմինն այսօր այդ առնչությամբ հանձնարարական է ստացել ՀՀ Նախագահից:

«Ուսումնասիրության ավարտին ՀՀ մրցակցային մարմինը կներկայացնի արդյունքները, իսկ խնդիրների առկայության դեպքում հանդես կգա համապատասխան առաջարկություններով, ինչպես նաև օրենքի սահմաններում կձեռնարկի համապատասխան միջոցներ»,-հավելեց Գայանե Սահակյանը:

Հունվարի 10-ին Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Խորհրդակցության արդյունքում Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առաջարկվել է՝ բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաներում գների անհիմն բարձրացման դեպքերում ձեռնարկել կտրուկ միջոցներ, ուսումնասիրել հացահատիկի և ալյուրի շուկաներում գնագոյացումը և խնդիրների առկայության դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում