Երրորդ երկրներից Հայաստան մեքենաների ներմուծման մաքսատուրքերի բարձրացում այս տարի նախատեսված չէ

Երրորդ երկրներից Հայաստան մեքենաների ներմուծման մաքսատուրքերի բարձրացում այս տարի նախատեսված չէ

Երրորդ երկրներից Հայաստան ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսային սակագների փոփոխություն այս տարի նախատեսված չէ: «Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ սակագնային կարգավորման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Տիգրան Մինասյանը: «Երրորդ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման առնչությամբ որևէ սակագնային փոփոխություն այս տարվա համար նախատեսված չէ, հետևաբար թանկացումներ չեն լինի»,-ասաց Տիգրան Մինասյանը:

Նա հավելեց, որ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված մեքենաների համար մաքսատուրքերի բարձրացում սահմանված է 2020 թվականից: «Մինչև 2020 թվականը մեզ մոտ գործելու են մեր նախկին սակագները, որոնք առկա էին մինչ ԵԱՏՄ անդամ դառնալը, գանձվող մաքսային վճարների բոլոր սակագնային փոփոխությունները կատարվելու են 2020 թվականից»,-ավելացրեց ՊԵԿ պաշտոնյան:

Պետեկամուտների կոմիտեն հունվարի 8-ից իր պաշտոնական petekamutner.am կայքում այսուհետ հրապարակում է տեղեկատվություն երրորդ երկրներից մեքենաների ներմուծման մաքսային արժեքների վերաբերյալ: Տվյալներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել petekamutner.am կայքի «Մաքսային տեղեկատվություն» բաժին, այնուհետև «Տեղեկատվություն ԱՏԳ մասնակիցների համար»-«Տեղեկատվություն ավտոտրանսպորտային միջոցների արժեքի վերաբերյալ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում