ՃՈ տեսուչների մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակիցը կալանավորվեց

ՃՈ տեսուչների մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակիցը կալանավորվեց

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից Սարգիս Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նախնական քննության տվյալներով՝ հունվարի 8-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW X6 և «Տոյոտա» մակնիշների ավտոմեքենաները, ինչից հետո BMW X6 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Դավթյանը և ուղևորը՝ ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս.Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահվան հետևանքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։ Քննիչը միաժամանակ որոշում էր կայացրել՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում