Հաշմանդամություն ունեցող զինծառայողների բժշկական կենտրոնը հագեցվելու է արդիական սարքավորումներով

Հաշմանդամություն ունեցող զինծառայողների բժշկական կենտրոնը հագեցվելու է արդիական սարքավորումներով

Կառավարությունը հավանություն տվեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին ամրացված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու լիազորություն տալու մասին որոշման նախագծին:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին լիազորել իրեն ամրացված ք. Երևան, Աբովյան 58, գլխավոր մասնաշենքի (թիվ 1 կլինիկա-հիվանդանոց) 1711,47 քառակուսի մետր տարածքը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման հանձնել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպությանը:

«Հայաստանում կան մոտ 9 000 նախկին զինծառայողներ, ովքեր զինվորական ծառայության ժամանակ վնասվածք կամ խեղում կամ հիվանդություն են ձեռք բերել, կամ ծառայողական պարտականությունները կատարելիս, կամ ծառայության ընթացքում հաշմանդամ են դարձել: Նախնական փուլում նախատեսվում է ապահովել ամսական ոչ պակաս 20 ստացիոնար և 50 ամբուլատոր հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում»,-ասաց նախարարը:

Ըստ նախարարի, արդեն իսկ ավարտին են մոտենում վերանորոգման աշխատանքները: «Կենտրոնը լինելու է ամենաարդիական սարքավորումներով՝ ունենալով վերջին խոսքի տեխնիկական զինվածություն»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում