«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է հողի հարկից ազատել բնական աղետներից մեծ վնասներ կրած գյուղացիներին

«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է հողի հարկից ազատել բնական աղետներից մեծ վնասներ կրած գյուղացիներին

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է հողի հարկից ազատել այն գյուղացիներին, որոնց տնտեսությունները բնակլիմայական աղետների հետևանքով ավելի քան 40 տոկոսի վնաս են կրել: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:

«Մենք առաջարկում ենք տվյալ տարվա ընթացքում հողի հարկից ազատել այն գյուղացիներին, որոնց տնտեսությունները բնակլիմայական աղետների հետևանքով ավելի քան 40 տոկոսի վնաս կկրեն: Սա է մեր առաջարկությունը: Հաշվի առնելով այն բնակլիմայական ռիսկերը, որոնք կան Հայաստանում և լսելով գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների տարիներ շարունակ եղած դժգոհությունները` մենք գտնում ենք, որ բնական աղետների պատճառով արդեն իսկ տուժած գյուղացիներին հարկելը, մեղմ ասած, անընդունելի է: Մենք գիտենք, որ գյուղատնտեսությամբ զբաղվողների մեծ մասը իրենց աշխատանքները իրականացնելու համար վարկեր են ներգրավում, և, երբ նա եկամուտ չի ունենում, կանգնում է դժվարությունների առջև, չի կարողանում փակել այդ վարկերը, դրան գումարած, պարտավորություններ է ունենում պետության առջև: Դրա համար ենք մենք հանդես գալիս նման առաջարկով»,- «նշեց հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Հարակից զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Դավիթ Անանյանն ընդգծեց, որ կառավարությունը նախագծի ընդունումը նպատակահարմար չի համարում: Փոխնախարարն ընդգծեց, որ հողի հարկն այն հարկատեսակն է, որ տնտեսական գործունեության հետ ընդհանրապես կապ չունի, իսկ եթե նման որոշում կայացնեն, կստացվի, որ տարբերակում են դնում տնտեսական գործունեություն իրականացնող և նման գործունեություն չիրականացնող գյուղացու միջև, երբ մի դեպքում մեկին կարող են ազատել հողի հարկից, իսկ մյուսին, ով տնտեսական գործունեություն չի ծավալում` ոչ:

Դավիթ Անանյանը նաև հիշեցրեց, որ կառավարությունը գյուղացիների սուբսիդավորման ծրագրեր է իրականացնում, իսկ 2018թ. գյուղատնտեսության ապահովագրման պիլոտային ծրագրեր կիրականացնի, ինչի համար պետական բյուջեով միջոցներ են նախատեսվել: «Միգուցե, արդար պահանջ եք ներկայացնում, սակայն մեր պետության բյուջեի սուղ միջոցների պայմաններում դա անիրականանալի է»,- եզրափակեց փոխնախարարը:

Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ նման օրենսդրական նախաձեռնությունները առաջանում են նրա համար, շատ գյուղացիներ դժգոհ են մնում բնակլիմայական աղետների հետևանքով իրենց կրած վնասների վերականգման գործընթացից: Մելքումյանն այն կարծիքին է, որ տուժած գյուղացներին տվյալ տարվա համար հողի հարկից ազատելը չի հակասում գյուղացիների սուբսիդավորման մյուս ծրագրերին: «Այստեղ ամեն ինչ պարզ է, շատ բարդ տեխնոլոգիաներ չենք կիրառում: Մարդն աշխատել է, եղել է աղետ, պետությունը դեռ չի հասցրել գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը ներդնել, հակակարկտային կայանները դեռ բավարար չեն, դրա համար ենք մենք հանդես գալիս նման առաջարկով»,- ասաց Մելքումյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ ընդգծեց, որ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որը` բացի ուղղակի հարկատեսակներից, որոնցից մեկն էլ հողի հարկն է, ազատված է մնացած բոլոր տեսակի հարկերից, ինչն արդեն իսկ պետության կողմից ահռելի աջակցություն է գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին:

Հանձնաժողովը քվեարկությամբ բացասական եզրակացություն տվեց օրենքի նախագծին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում