ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման նախագծին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ին հրավիրած նիստում քննարկեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» հայտարարության նախագիծը: Ինչպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նույն օրը գումարված նիստում, այստեղ եւս որպես հիմնական զեկուցող հանդես եկավ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը՝ ընդգծելով, որ շրջանառության մեջ դրված նախագծում կոնկրետ գործողություններ կատարելու առաջարկություններ են արված:

«Սա եզդի ժողովրդի նկատմամբ պետության, պետականության վերաբերմունք է։ Մենք բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք արել միանալու այս նախագծի վերաբերյալ հայտարարությանը, որովհետև սա հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակի մոտեցումն է»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Հյուսիսային Իրաքում եզդիների եւ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպան գործողությունները ինչ-որ առումով դեռեւս շարունակվում են։

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ սա շատ կարեւոր նախաձեռնություն է, եւ այս հարցը դեռեւս նախորդ գումարման խորհրդարանում էր բարձրացվել: Նա ընդգծեց, որ անհասկանալի է, թե ինչու հարցը տեղափոխվեց մի քառօրյա նիստից մյուսը եւ այդպես էլ չընդունվեց: «Եթե քաղաքական մեծամասնության խմբակցությունում կգաք կոնսենսուսի՝ ամրագրելու այն, ինչ միջազգային բազմաթիվ կառույցներ ճանաչել են որպես ցեղասպանություն, «Ծառուկյան» խմբակցությունը դա կպաշտպանի»,- նշեց նա։
ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ հատկանշական համարեց այն, որ ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը բարոյական եւ քաղաքական պարտավորվածություն ունի հանդես գալու ցեղասպանությունների դատապարտման դիրքերից։

Ինչպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, այդպես էլ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հայտարարության նախագծին, որը կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում