Գյուղմթերքի ինքնարժեքի վրա դիզվառելիքի թանկացումն էական ազդեցություն ունենալու պարագայում կմշակվի սուբսիդավորման ծրագիր

Գյուղմթերքի ինքնարժեքի վրա դիզվառելիքի թանկացումն էական ազդեցություն ունենալու պարագայում կմշակվի սուբսիդավորման ծրագիր

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը վստահեցնում է, որ դիզվառելիքի թանկացումն էական ազդեցություն չի ունենա գյուղմթերքների գների վրա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխնախարարն ասաց, որ եթե դիզվառելիքի թանկացումն էական ազդեցություն ունենա գյուղմթերքի ինքնարժեքի վրա, ապա կմշակվի սուբսիդավորման ծրագիր:

«Ըստ նախնական հաշվարկների՝ վառելիքի թանկացումը բերելու է կարտոֆիլի գնի ընդամենը 2 դրամով ավելացման: Դրա համար մենք կատարելու ենք վերլուծություններ, գների մոնիտորինգ գյուղմթերքի շուկաներում: Եթե խնդիրը լինի ռիսկային, պետք է սուբսիդավորել, դրա վերաբերյալ կա հանձնարարական»,- ասաց Մակարյանը՝ ավելացնելով, որ իրենք խնդիր ունեն մրցունակ դարձնելու գյուղմթերքը.

«Մեր բոլոր ծրագրերը՝ լիզինգի, ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման, վարկերի ծրագրերը հենց ուղղված են մրցունակության բարձրացմանը: Առաջիկայում գյուղմթերքների մասով սոցիալական ապրանքների ցանկ կներկայացվի կառավարություն, ինչպես նաև՝ համալիր ծրագիր տեղական արտադրության խթանման ու ներմուծման փոխարինման ուղղությամբ: Եղել են ապրանքներ, որ թանկացել են, կան նաև բազմաթիվ ապրանքներ, որոնք էժանացել են: 2017 թվականը չորային էր, ոռոգման հետ կապված խնդիրներ կային, ուստի ժամանակավորապես գները բարձրացել են, բայց դա ժամանակավոր երևույթ է, որովհետև, օրինակ, կարտոֆիլի գնի որոշակի բարձրացում է նկատվել դեկտեմբերին, բայց գյուղացիներն ունեն ամբարված պաշար, որը կմտնի շուկա, և գների նվազում կլինի: Պանիր, թռչնամիս արտադրողների հետ հանդիպում կլինի, որ հասկանանք, թե ինչով է պայմանավորված գների բարձրացումը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հիմնականում դա պայմանավորված է կերի թանկացման հետ:

Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված՝ հունվարի 1-ից բարձրացել է դիզվառելիքի ակցիզային հարկը, որի հետևանքով Հայաստանում դիզելային վառելիքի գները բարձրացել են շուրջ 40 դրամով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում