Տոնական օրերին «Գառնին» նախորդ տարվա համեմատ ունեցել է 63 տոկոսով ավելի այցելու

Տոնական օրերին «Գառնին» նախորդ տարվա համեմատ ունեցել է 63 տոկոսով ավելի այցելու

ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ձմեռային զբոսաշրջության զարգացման և տոն օրերին հայկական մշակույթի հասանելիությունն ապահովելու նպատակով նախարարության ենթակայության մի շարք թանգարաններ աշխատեցին նաև Ամանորի արձակուրդի ընթացքում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության կապերի հետ բաժնից, տոն օրերին այցելուների քանակով ու ակտիվությամբ առանձնացել են հատկապես Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը, «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները:

Հունվարի 1-6-ը «Գառնին» հյուրընկալել է 5080 այցելուների, որոնցից 3502-ն օտարերկրացիներ են եղել։ Նախորդ տարվա նույն օրերի համեմատ այս տարի «Գառնիում» այցելուների 63 տոկոսից ավելի աճ է արձանագրվել։ Նրանք հիմնականում Ռուսաստանից, Ֆիլիպիններից ու Իրանից են եղել։

«Զվարթնոց» արգելոց-թանգարանը հունվարի 3-5-ը 389 այցելու է ունեցել, 117-ը՝ ՀՀ քաղաքացի, իսկ 272-ը՝ օտարերկրացիներ (հիմնականում ՌԴ-ից)։

Ազգային պատկերասրահի 1068 այցելուների 60 տոկոսից ավելին ևս Ռուսաստանից էին: Ընդհանուր առմամբ նրանց թվում գերակշռել են արտասահմանցի զբոսաշրջիկները:

Պատմության թանգարանի 538 այցելուների գերակշիռ մասը ևս արտասահմանցիներ են եղել, որոնց հետաքրքրել է հատկապես ամենահին շրջանը՝ հին քարի դարից (պալեոլիթից) մինչև միջնադար: Թանգարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Խաչյանի տեղեկացմամբ, արտասահմանցի զբոսաշրջիկներին հետաքրքել են նաև թանգարանի հավաքածուում ընդգրկված՝ խորհրդային շրջանը ներկայացնող ցուցանմուշները:

Ծաղկաձորում գտնվող Օրբելի եղբայրների տուն-թանգարանը 167 այցելու է ունեցել: 40 տոկոսը՝ ՌԴ, 60 տոկոսը՝ ՀՀ քաղաքացիներ:

Ամանորին եռուզեռ է տիրել Սերգեյ Փարաջանովի թանգարանում. 150 այցելու են ընդունել:

Մարտիրոս Սարյանի թանգարանի տոնական օրերի այցելուների գերակշիռ մասը ևս Ռուսաստանից են եղել: Տոն օրերին թանգարանի այցելուները 48-ն են եղել է: Հովհաննես Թումանյանի թանգարանի շուրջ 20 այցելուների մեծ մասը Ռուսաստանի Դաշնությունից են եղել:

Երվանդ Քոչարի թանգարանի 25 այցելուների գերակշիռ մասը արտասահմանցիներ են եղել:

Տոն օրերին դռները հանրության առջև սիրահոժար բացած Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն ու Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ընդամենը երկուական այցելու են ունեցել: Մեկով ավելի այցելու է ունեցել Ռուսական արվեստի թանգարանը: Չարենցի տուն-թանգարանը այցելու չի ունեցել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում