Արտաշես Մինասյանը հաղթանակ տոնեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 3-րդ տուրում

Արտաշես Մինասյանը հաղթանակ տոնեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 3-րդ տուրում

Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 3-րդ տուրի պարտիաները:

Շրջանային մրցաշարի 5 պարտիաներից միայն մեկն ունեցավ հաղթական ավարտ. մրցաշարի ամենափորձառու և տիտղոսակիր շախմատիստ Արտաշես Մինասյանը հաղթանակ տոնեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի նկատմամբ: Տուրի կենտրոնական մրցախաղում Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Կլիմենտի Սիչովը պարտիայի ամբողջ ընթացքում ուներ մեծ առավելության մրցաշարի առաջատար Փարհամ Մաղսուդլուի նկատմամբ, սակայն ժամանակի սղության պատճառով վերջնամասում վրիպեց, և պարտիան ավարտվեց հաշտությամբ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Արամ Հակոբյան-Արման Միքայելյան, Վոլոդիմիր Վետոշկո-Լուկաշ Յարմուլա և Նիկիտա Մորոզով-Վադիմ Մոիսեենկո պարտիաներում:

Կայացած երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով միանձնյա գլխավորում է Իրանը ներկայացնող գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն: Առաջատարից կես միավորով հետ են մնում երեք շախմատիստ՝ Հայաստանը ներկայացնող Արամ Հակոբյանը, ռուսաստանցի Կլեմենտի Սիչովը և Լեհաստանի պատվիրակ Լուկաշ Յարմուլան: Արտաշես Մինասյանը վաստակել է 1, իսկ Հովիկ Հայրապետյանը և Արման Միքայելյանը՝ կեսական միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում