Կառավարությունը կանոնակարգում է ջրահեռացման համակարգը և շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու մեխանիզմներ առաջարկում

Կառավարությունը կանոնակարգում է ջրահեռացման համակարգը և շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու մեխանիզմներ առաջարկում

Հայաստանի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հայաստանում ջրահեռացման համակարգը կանոնակարգելուն և շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելուն միտված օրենսդրական նախաձեռնություն: Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ Հայաստանը միշտ ուշադրություն է դարձրել ջրամատակարարմանը, իսկ ջրահեռացման նկատմամբ ուշադրությունն ավելի քիչ է եղել: «Այս փաթեթը վերաբերում է հենց մաքրմանը, ջրահեռացմանը: Այն կարելի է ձևակերպել որպես միջազգային հանրության և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության դրսևորում, որի նպատակը Հայաստանի ջրահեռացման համակարգի կանոնավորումն է և շրջակա միջավայրի աղտոտման նվազեցումը: Մեր նպատակն է ապահովել մաքուր շրջակա միջավայր, որտեղ մարդու կենսագործունեությունը կլինի ավելի բարենպաստ, ավելի բարեկեցիկ, իսկ տնտեսության տեսակետից` ավելի նախընտրելի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մինասյանը:

Նրա խոսքով` օրենսդրական փաթեթով նախատեսված կարգավորումներն առաջին հայացքից թվում են ծանր և դժվար տնտեսության տեսանկյունից: «Բայց եթե մենք նայում ենք հեռանկարներով և հնարավորություններով… սրանով մեր ջրային ռեսուրսների կառավարումը տեղափոխում ենք ավելի ընդունելի համակարգեր»,- ասաց նախարարը:

Առաջարկվող փաթեթով սահմանվում են հասկացություններ, թե ինչ բան են կեղտաջուրը, կեղտաջրի տարբեր տեսակները, այդ թվում` կենցաղային և արտադրական, ինչպես նաև հեղեղատային համակարգերով տեղափոխվող այն ջրերը, որոնք թույլատրելի սահմանային արտանետումներից ավելի բարձր են: «Այս հասկացություններն արդեն սկսում են միս ու արյուն ստանալ օրենսդրության մեջ փոփոխություններ անելով: Մասնավորապես, նախատեսվում է, որ կեղտաջրերի հեռացման համար գործեն հստակ կանոններ առ այն, որ արտադրական կեղտաջրերը չխառնվեն ընդհանուր կոյուղաջրերի հետ: Մենք այսօր տեսնում ենք շատ վատ վիճակ, օրինակ, Շենգավիթում կամ այլ վայրերում, երբ արտադրական կեղտաջրերը ընդհանուր կոյուղաջրերի հետ են խառնվում, իսկ դա էլ գյուղացիներն օգտագործում են ոռոգման նպատակով, և այդպիսով աղտոտվում է շրջակա միջավայրը, պակասում է հողի բերքատվությունը: Մենք սրանով նախ տարանջատում ենք կեղտաջրերի տեսակները և դրանցից յուրաքանչյուրի համար սահմանում ենք առանձին պահանջներ»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով` բոլոր համայնքները պետք է ունենան համակարգեր, որոնք կապահովեն հեռացման և մաքրման անհրաժեշտ ենթակառուցվածքներ և բնակչության հասանելիությունն այս համակարգերին: Հաշվի առնելով գործընթացի ծանր լինելը` այդ համակարգերի ներդրման ժամկետը հետաձգվել է մինչև 2025 թ., ինչը հնարավորություն է տալիս թե մասնավոր սեկտորին, թե պետությանը ներգրավվել գործընթացի մեջ:

Հաջորդ կարևոր խնդիրը, որը կառավարությունը փորձում է կարգավորել առաջարկվող փաթեթով, ջրի կրկնակի կամ երկրորդական օգտագործման դեպքում արտոնություններ տրամադրելու համակարգի ներդրումն է: «Մեր կանխատեսումներով այս օրենքի նախագծի ընդունումը բացում է հնարավորություն, որպեսզի մի կողմից մասնավոր սեկտորի համար տեսանելի դառնա, որ ջրահեռացման և մաքրման համակարգերը կարող է որպես բիզնես նախագիծ իրացնել, մյուս կողմից` կարգավորող մարմինը հստակ լիցենզավորում իրականացնի այն դեպքերում, երբ չկան մրցակիցներ: Այսօր ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում բոլորին լիցենզավորում են: Սրանով մենք առաջարկում ենք լիցենզավորել միայն նրանց, ովքեր չունեն մրցակիցներ, միակն են, կամ ենթակառուցվածքը մեկն է, և շահագործողն էլ մեկն է: Մնացած դեպքերում առաջարկում ենք թույլ տալ, որ մրցակցության պայմաններում ավելի արդյունավետ համակարգ առաջարկվի կամ շատ ավելի ցածր սակագին»,- պարզաբանեց Արծվիկ Մինասյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացությամբ օրենսդրական նախաձեռնությունների փաթեթն ընդգրկեց Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում