Տիգրան Մկրտչյանը Էստոնիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը ԵՄ մյուս երկրներին ուղղված ուղերձ է համարում

Տիգրան Մկրտչյանը Էստոնիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը ԵՄ մյուս երկրներին ուղղված ուղերձ է համարում

Էստոնիայում, Լիտվայում և Լատվիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու փաստը:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մկրտչյանն ընդգծել է՝ անչափ կարևոր է, որ հենց Էստոնիան է Եվրոպական Միության առաջին անդամը, որը հաստատում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

«Սա կարող ենք ասել՝ պայմանավորված է երկու կարևորագույն հանգամանքով: Նախ այս համաձայնագիրը ստորագրվել է հենց 2017թ. ընթացքում Եվրոպական Միությունում Էստոնիայի նախագահության ժամանակ և հանդիսանում է Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը: Բացի այդ՝ 2018թ. հենց սկզբին փաստաթուղթը վավերացնելով և ուղարկելով Բրյուսել, Էստոնիան որոշակի ուղերձ է հղում Եվրոպական Միության անդամ մյուս պետություններին առ այն, որ նրանք նույնպես հնարավորինս արագ վավերացնեն այս կարևոր փաստաթուղթը»,- ասել է Մկրտչյանը:

Էստոնիան վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այսպիսով` Էստոնիան դարձել է ԵՄ անդամ 28 երկրներից առաջինը, որը հավանության է արժանացրել Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված փաստաթուղթը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում