Վիգեն Սարգսյանը կոչ է անում միանալ արտերկրում զինծառայողի վիրահատության համար դրամահավաքին

Վիգեն Սարգսյանը կոչ է անում միանալ արտերկրում զինծառայողի վիրահատության համար դրամահավաքին

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը միացել է զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար կազմակերպված դրամահավաքին` բոլորին կոչ անելով հնարավորության դեպքում միանալ: Այս մասին նախարարը հայտնել է Ֆեյսբուքի իր էջի միջոցով:

Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել Ալբերտ Դալլաքյանի և բոլոր մյուս հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին:

«Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է: Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Նույնիսկ պարզապես այս կոչիս տարածումը ձեր կողմից ևս կարող է օգնել: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին»,– գրել է պաշտպանության նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում